Խաղաղության բանալին տրամադրել են մեր մեծ առաջնորդները. Արտաշես Գեղամյան
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը ելույթ է ունեցել` նվիրված Ուկրաինայում ստեղծված իրավիճակին: Պատգամավորը մասնավորապես ասել է. «Բառացիորեն մի քանի ժամ առաջ ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահող Ռանկո Կրիվոկապիչը շատ հետաքրքիր, խորը հայտարարություն արեց, պատմեց հարգարժան Իվիցա Դաչիչի հետ իր փոխհարաբերությունների մասին: Մեկ տասնամյակ առաջ նրանք բարիկադի տարբեր կողմերում էին: Այդ ժամանակվանից չափազանց շատ արյուն է հոսել` հարյուր հազար մարդու, այդ թվում` 10 հազար երեխայի:Այսօր նրանք համագործակցում են, ունեն նորմալ գործընկերային հարաբերություններ: Այս ամենի իմաստը և էությունն այն է, որ եթե վաղ թե ուշ` խաղաղությանն այլընտրանք չկա: Կարելի է գալ ընդհանուր հայտարարի, պետք է հենց հիմա կանխարգելել պատերազմը»:
Արտաշես Գեղամյանն ասել է, որ նույն ոգով էր նաև ՌԴ պատվիրակությունից Նիկոլայ Կովալյովի հայտարարությունը, և չնայած որոշ էմոցիոնալությանը` ամբողջությամբ հասկանալի էր նաև Արկադի Գերասիմովի հայտարարությունը: Նրանցից յուրաքանչյուրն ըստ Ա. Գեղամյանի` նույնպես ուզում է խաղաղություն, սակայն յուրաքանչյուրն այդ խաղաղության նվաճման իր տեսլականն ունի:
«Այդ բանալին կա, և այն տրամադրել են մեր մեծ առաջնորդները (չվախենանք այս խոսքից)` ի դեմս ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների: Այդ իսկ պատճառով մեր բոլոր մտադրությունները և գործողությունները պետք է միտված լինեն միայն մեկ բանի վրա. որպեսզի Մինսկի համաձայնությունները իսկապես կյանքի կոչվեն», - հավելել է Ա. Գեղամյանը:
Եզրափակելով խոսքը` հայաստանցի պաշտոնյան հիշեցրել է Բարձրագույն պոնտիֆիկ Ֆրանցիսկոս Առաջինի խոսքերը, ով ելույթ էր ունեցել փետրվարի 4-ին և ասել էր, որ Ուկրաինայում տեղի է ունեցածը եղբայրասպանություն է: