«...Մանուշյանի և նրա մարտական ընկերների փառապանծ սխրանքը չի մոռացվի» (լուսանկարներ)
«Հիմա մեռնում եմ ընկերներիս հետ՝ արիաբար և մի մարդու գիտակցությամբ, որի խիղճը հանգիստ է, քանզի ոչ ոքի չարիք չեմ պատճառել: Ես կամավոր եմ մտել Ազատագրական բանակի շարքերը և մեռնում եմ հաղթանակի շեմին»,- մահապատժից առաջ կնոջն ուղղած նամակում գրել է հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը:
1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին Միսաք Մանուշյանը մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։
Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թ. Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում։ Հայրը զոհվել է 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ հայտնվում է Սիրիայում։ 1920թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են։ 1925 թ. տեղափոխվում են Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա՝Փարիզ։ 1930 թվականից Սեմայի հետ հրատարակում է «Ջանք» գրական ամսագիրը։ Աշխատում է Սիթրոեն գործարանում, 1937թվականից՝ թողարկում «Զանգու» շաբաթաթերթը, գրում բանաստեղծություններ։ 1935 թվականից ՀՕԿ, իսկ 1937-ից կենտրոնական վարչության անդամ։ Կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում են գործում գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին, Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց, մահապատժի է ենթարկվում:
Մանուշյանի խումբը վարկաբեկելու նպատակով գերմանական օկուպացիոն ղեկավարությունը 15000 օրինակով ագիտացիոն պլակատ է թողարկում։ Տխրահռչակ «Կարմիր պլակատը» ցույց էր տալիս, որ գերմանացիների դեմ պայքարում են ոչ ֆրանսիացիները։ Այնտեղ գրված է՝ Մանուշյան, խմբի ղեկավար, հայ, 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր։
Մանուշյանի բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ մամուլում 1930-ականների սկզբներից։ Վաղ շրջանի ստեղծագործություններում տիրապետող են անձնական մտածումներն ու ապրումները։ Հետագայում նաև գրել է աշխատավոր մարդու ցավի ու բանվորական պայքարի, դեպի հայրենիք սիրո մասին։
Բազմաթիվ հայրենասիրական, քաղաքական և քնարական բանաստեղծությունների («Պայքար», «Ընդվզում», «Նամակ Հայաստանեն», «Ամբոխի կանչը» և այլն) հեղինակ է։
Նա արժանացել է Ֆրանսիական Պատվո լեգեոն շքանշանի (հետմահու):
1946 թ-ին Փարիզում լույս է տեսել Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 1956 թ-ին վերահրատարակվել է Երևանում՝ «Իմ երգը» խորագրով: Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նկարահանել է «Ոճրագործության բանակ» (կինոնկարը, 2009 թ., Մանուշյանի դերում՝ Աբգար Սիմոնյան):
Մանուշյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում, Առնուվիլ Լե Գոնեսում, Գառդանում, Բանյոյում (Ֆրանսիա), դպրոցներ՝ Երևանում, Գյումրիում և այլուր :
«...Մանուշյանի և նրա մարտական ընկերների փառապանծ սխրանքը չի մոռացվի, և մենք այդ հերոսների մասին, մեր մեծ բանաստեղծ Վիկտոր Հյուգոյի արտահայտությամբ, կարող ենք ասել. «Զոհվածները, ինչպես ողջերը, մասնակցում են մեր կռիվներին...»,- ասել է Ֆրանսիայի կոմկուսի առաջնորդ Ժակ Դյուկլոն:
«… Հ.Գ.- Ես Պլեզանս փողոցի մեր տան ճամպրուկում ունեմ 15 հազար ֆրանկ, եթե կարող ես վերցնել, վճարիր իմ պարտքերը և մնացածը նվիրիր Հայաստանին»,- կնոջն ուղղած վերջին նամակում գրել էր Միսաք Մանուշյանը: