«Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը»
«Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ,- գրել է Եղիշեն:
Այսօր Մայրենի լեզվի օրն է:
Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է մայրենի լեզվի օր: Այս կապակցությամբ Հայաստանի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ 2005-ին փոփոխություն մտցվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, և ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց որպես Մայրենի լեզվի օր:
«Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեփհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության:
Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:
Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջաղջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին»,- գրել է Միքայել Նալբանդյանը: