Moody’s-ը Ռուսաստանի վարկանիշն իջեցրել է «աղբային» մակարդակի
Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը Ռուսաստանի վարկանիշը Baa3-ից իջեցրել է մինչև Ba1, որը համարվում է «աղբային» մակարդակ: Ինչպես ներկայացված է կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ` վարկանիշի իջեցման պատճառ են հանդիսացել ռուսական տնտեսության վատ հեռանկարները:
Գործակալությունը կանխատեսում է, որ Ռուսաստանում 2015թ-ին «խորը ռեցեսիա» է լինելու, որը ձգվելու է մինչև 2016թ: Վարկանիշի վերանայման համար նաև հիմք է հանդիսացել ֆիսկալ կայունության հետագա ենթադրյալ թուլացումը, արժութային պաշարների կրճատումը և «անկակնխատեսելի քաղաքական դինամիկան»:
Moody’s-ը նաև նշում է, որ առկա է դեռևս «շատ ցածր, սակայն աճող» ռիսկ` կապված պետական որոշումների հետ, որոնք վտանգի տակ կդնեն արտաքին պարտքի ճիշտ ժամանակին վճարումները:
Ըստ գործակալության` տնտեսական, քաղաքական և ֆինանսական ռիսկերի բալանսը հօգուտ Ռուսաստանի չի դասավորվում: Որպես օրինակ` գործակալությունը նշում է, որ մեծ հավանականությամբ Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ կսահմանվեն, ինչն էլ ավելի կխորացնի տնտեսության հետընթացը:
Տրված գնահատականների համաձայն` Ռուսաստանում «կկրճատվի ներքին պահանջարկը և կխորանա ռուսական տնտեսության ֆինանասավորման կրճատումը, ինչն արդեն խրոնիկ բնույթ է կրում»:
Հիշեցնենք նաև, որ հունվարի վերջին Ռուսաստանի վարկանիշը իջեցրել էր նաև Standard & Poor’s գործակալությունը: S&P-ն իր այս քայլը բացատրում է նրանով, որ դրմավարկային քաղաքականությունը դարձել է ավելի առանձգական` ֆինանսական հատվածում իրավիճակը վատանում է, ինչը սահմանափակում է Կենտրոնական բանկի հնարավորությունները. «Մենք գտնում ենք, որ ԿԲ-ն ստիպված է ընդունել ավելի ու ավելի դժվար որոշումներ` կապված դրամավարկային քաղաքականության հետ, միևնույն ժամանակ փորձելով ապահովել կայուն աճ»: