Անկախ պատգամավորների նոր բանակը
5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանը բավական հետաքրքիր ընթացք է ստացել. քաղաքական կյանքի վերջին զարգացումների արդյունքում անկախ պատգամավորների փոքրաթիվ բանակը համալրվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած գործարար, բայց իներտ պատգամավորներով:
Մինչև վերջերս անկախ պատգամավորներ էին միայն 4-ը՝ Կարեն Բոթոյանը, որը նույնպես ժամանակին լքել էր «Օրինաց երկիր» խմբակցությունը կուսակցության քաղաքական կուրսը փոխվելուց հետո, Արայիկ Գրիգորյանը (Բնապահպանության նախարարի եղբայրը), Էդմոն Մարուքյանը, Խաչատուր Քոքոբելյանը («Ժառանգություն»-ից հեռացած): Այժմ նրանց հետ միասին անկախ պատգամավորներ կհամարվեն նախկին ԲՀԿ-ական գործարարները՝ Կարո Կարապետյան (Յուվեցի Կարո), Գրիգորի Մարգարյան (Բելաջիոյի Գրիշ), Արագած Ախոյան, Հարություն Ղարագյոզյան (Կարամելի Հարութ):
Վերջիններն այն պատգամավորներն են, ովքեր դեռ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում բավական իներտ էին, ոչնչով աչքի չեն ընկել, չեն մասնակցել որևէ քննարկման և ամենաշատ բացակայած պատգամավորների շարքերն են լրացրել: Դա են վկայում նաև Ազգային ժողովի մոնիտորինգի ծրագրի ամփոփիչ տվյալները: Օրինակ, Արագած Ախոյանը երբևէ օրենսդրական նախաձեռնությամբ աչքի չի ընկել, ելույթներ չի ունեցել, իսկ քննարկումներին էլ չի մասնակցել: Նույնն է նաև մյուսների պարագայում: ԲՀԿ-ից հեռացած պատգամավորները, որոնք խորհրդարան են մտել, մանդատ են ստացել կուսակցության համամասնական ցուցակի շնորհիվ, իրենց իներտությամբ ըստ էության, չեն արդարացրել ընտրողների հույսերը, չեն կատարել նրանց տված խոստումները: Ապա ինչպե՞ս կարդարացնեն իրենց, երբ գործեն կուսակցությունից անկախ:
«Ակնկալել, թե խմբակցությունից դուրս այս պատգամավորների գործունեությունը կարող է արդյունավետ լինել, հիմնավոր չէ: Խմբակցության ներսում որևէ կերպ չի երևացել այդ պատգամավորների գործունեությունը: Ավելի դժվար է հավատալ, որ այդ աշխատանքը կերևա խմբակցությունից դուրս», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Աժ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակում ընդգրկված անձինք օրենսդրությամբ իրավունք ունեն համապատասխան ընթացակարգով հեռանալ խմբակցությունից և իրենց հայտարարել որպես անկախ պատգամավոր, ինչպես վարվեց «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ Խաչատուր Քոքոբելյանը: Սակայն համամասնական ցուցակի հաջորդ հորիզոնականները զբաղեցրած անձինք այդ քայլին չեն կարող դիմել, ինչպիսին, օրինակ Ալեքսանդր Արզումանյանի վիճակն է, դարձյալ «Ժառանգություն» խմբակցությունից. նա խորհրդարանում աշխատում և գործում է այդ խմբակցության կազմում, բայց նրանցից անկախ: Դա չի կարելի ասել մեծամասնական ընտրակարգով ընտրված, բայց տվյալ կուսակցության խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների մասին. նրանց ոչինչ չի կաշկանդում և նրանք կարող են ազատորեն դուրս գալ խմբակցության կազմից, ինչպիսին նախկինում ԲՀԿ-ից անկախական Գրիգորի Մարգարյանն է, նախկին ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանն է:
Մեծամասնական ընտրակարգով Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանի պարագան Լուսինե Վասիլյանին թույլ չի տալիս միանշանակ պնդել, որ անկախ պատգամավորի ինստիտուտը Հայաստանի խորհրդարանում արդարացված կամ արդյունավետ չէ:
«Լավագույն օրինակը Էդմոն Մարուքյանն է, որը միակն է անկախ պատգամավորներից, որի գործունեությունը առավել քան ակնհայտ է: Էդմոն Մարուքյանը մեր մոնիտորիգի տվյալներով, իր ակտիվ գործունեությամբ տասնյակում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, այսինքն՝ նա օրենսդրական քննարկումների ժամանակ, օրենսդրական նախաձեռնություններ հեղինակելու և ներկայացնելու հարցում շատ ակտիվ է եղել», -ասաց տիկին Վասիլյանը:
Անկախ պատգամավորի իր դիրքից Էդմոն Մարուքյանը պնդում է՝ նախաձեռնությունների առումով մեկ անհատ պատգամավորը չի զիջում պատգամավորական խմբակցություններին: Նա ասում է՝ իր խիղճն հանգիստ է, քվեարկություններում ազատ է, իր հեղինակած օրենսդրական նախաձեռնություններն ընդունվում են, և դա համագործակցության արդյունք է:
«Այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ես իրականացրել եմ ու որոնք ընդունվել են, քաղաքական բնույթ չեն կրել, չեն բխել որևէ քաղաքակն ուժի շահերից: Դրանք զուտ բարեփոխումներին վերաբերող ու իրավական համակարգը բարեփոխելուն միտված օրենսդրական նախաձեռնություններ են: Ես իմ ընտրողների առաջ հաշվետու եմ», -ասաց Մարուքյանը:
Կարգավիճակով իր կողքին հայտնված նախկին ԲՀԿ-ական պատգամավորներից Մարուքյանը ոչինչ էլ չի ակնկալում:
«Նոր կարգավիճակում նրանց գործունեությունը ոչնչով չի տարբերվելու նախկին գործունեությունից՝ պասիվ են եղել պասիվ էլ կմնան: Ուղղակի չեն կոչվի այսինչ խմբակցության անդամ այլ կհամարվեն անկախ պատգամավոր»,- հավելեց պատգամավորը:
Հարցին, թե եթե նրանք մինչ այժմ կուսակցության կազմում չեն աշխատել, ապա ավելի լավ չէ՞ր լինի, երբ նրանք խմբակցությունից հեռանալով միանգամից վայր դնեին նաև պատգամավորական մանդատը, Մարուքյանն ի պատասխան վկայաբերեց երկրում գոյություն ունեցող քաղաքական մշակույթը և նաև այն, որ այդպիսի պատգամավորների նկատմամբ մանդատը վայր դնելու իրավական որևէ պարտադրանք չկա:
«Պետք է նայել, թե տվյալ մարդը ինչ խոստումներ ու ինչ ակնկալիքներ է տվել ընտրողին և եթե իր գործունեության ընթացքում այդ խոստումներից շեղում է լինում, պետք է մանդատը վայր դնել, գնալ նորից ընտրվել, գալ ու սկսել լավ աշխատել: Այլ ոչ թե ակնկալիքներ ձևավորել, ընտրվել, գալ խորհրդարան և դրան հակառակ գործունեություն իրականացնել: Այ այդ պարագայում ճիշտ է, բարոյական է մանդատները վայր դնելը», -ասաց Մարուքյանը:
Նկատենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ դեռևս ոչ մի պատգամավոր չի հերոսացել ընտրողին տված խոստումը չկատարելու համար պատգամավորական մանդատը վայր դնելով: