Զաքարյա Միլդանօղլու. Նախ Աղթամարը, հիմա էլ` Դարդանելը. Թուրքիայի անվերջանալի խաղերը
Առաջին անգամ չէ, որ թուրքական կառավարությունը պետական մակարդակով նախատեսվող հանդիսավոր միջոցառումների ամսաթիվ է ընտրում հայերի համար մեծագույն ողբերգության խորհրդանիշ հանդիսացող ապրիլի 24-ը: Այս հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրել հայկական «Ակոս» պարբերականի սյունակագիր, պոլսահայ անվանի ճարտարապետ Զաքարյա Միլդանօղլուն:
«Նախ Աղթամարը, հիմա էլ` Դարդանելը. պետության անվերջանալի խաղերը» վերտառությամբ հեղինակային հոդվածում Միլդանօղլուն անդրադարձել է Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ պատմական հայկական եկեղեցու վերանորոգման և վերաբացման պատմությանը: Ըստ հոդվածագրի` 2005- 2006 թթ. իրականացված եկեղեցու վերականգնողական աշխատանքներից հետո Թուրքիայի մշակույթի նախարարությունը որպես բացման տարեթիվ էր նշանակել 2006թ. նոյեմբերի 4-ը: Սակայն հետոև բյուջեի հետ կապված խնդիրների պատճառաբանությամբ բացման արարողությունը հետաձգվել էր 2007թ. ապրիլ:
«Շատ չանցած պարզ դարձավ, որ այդ հետաձգումը պայմանավորված էր եկեղեցու բացումը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին իրականացնելու կառավարության ցանկությամբ», - գրում է Միլդանօղլուն:
Տեղեկանալով Թուրքիայի մշակույթի նախարարության նման որոշման մասին` Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանը հետևյալ հայտարարությունն էր արել. «Մամուլից տեղեկացանք, որ Մշակույթի և զբոսաշրջության նախարար պարոն Աթիլլա Քոչը տեղեկացրել է, որ Վանի Աղթամար կղզու վերակառուցված Սուրբ Խաչ հայկական եկեղեցու բացումը լինելու է ապրիլի 24-ին: Հույս ունենք, որ այս լուրը ճիշտ չէ: Քանզի նման նախաձեռնությունը, ինչպես էլ որ այն կոչենք, ոչ այլ ինչ է, եթե ոչ`մի ազգի վիշտը ևս մեկ անգամ քաղաքական նպատակով շահարկող անտարբեր քայլ: Ավելին`դա ծաղր է: Եթե բացման արարողությունը իրականանա նշված տարեթվին, դա ամբողջությամբ ի չիք կդարձնի նաև եկեղեցու վերանորոգման որոշման առաջացրած դրականությունը: Նախօրոք կարող եմ ասել, որ ես և հայկական ծագում ունեցող մյուս բոլոր քաղաքացիները, չենք մասնակցի ապրիլի 24-ին կատարվող բացման արարողությանը: Մենք, իհարկե, սիրում ենք մեր պետությունը, սակայն վշտի նկատմամբ այսպիսի անտարբեր վերաբեմունքը ոչ կրոնի, ոչ խղճի տեսանկյունից չենք կարող ընդունել»:
Այս և այլ խիստ արձագանքների արդյունքում Վանի նահանգապետարանը հայտարարել էր, որ եկեղեցու բացումը տեղափոխվել է ապրիլի 11: Սակայն առաջին հայացքից զիջման քայլ թվացող այս որոշումն, իրականում, նույնպես պատահական չէր: Քանի որ բոլորին է հայտնի, որ գոյություն ունեն հայկական հին և նոր տոմարներ: Հին հայկական տոմարի ապրիլի 11-ը համընկնում է նոր տոմարի ապրիլի 24-ի հետ: Օրինակ հայ հրատարակիչ ու գրող Թեոդորոս Լափչինճյանը 1919թ. ապրիլին հրատարակել է «Հուշարձան ապրիլի 11-ի» վերնագրով հուշամատյանը` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին: Ինչպես հայտնի է` Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու բացումն, ի վերջո, տեղի ունեցավ 2007թ. մարտի 29-ին: