«Վահագն Դավթյանի ստեղծագործությունն ամբողջական մի աշխարհ է...». Բանաստեղծի հիշատակի օրն է
«Վահագն Դավթյանը բազմաշնորհ բանաստեղծ է, նրա բանաստեղծությունները միջնադարյան մեր երգերի խորությունն ունեն և արևմտահայ պոեզիայի շքեղությունը, պոետական կուլտուրան բարձր է, տեխնիկապես կուռ է, հողի բույր ունի, բայց և եթերային է...»,-ասել է Ավետիք Իսահակյանը՝ Վահագն Դավթյանի մասին:
Այսօր Վահագն Դավթյանի հիշատակի օրն է՝ մահվան 19-րդ տարելիցը:
Վահագն Դավթյանը ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որր ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ: 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Գաղթական արաբկիրցիները 30-ականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը: Այդ մասին իմանալով,1932թվ.-ին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում,հայրը ավելի ուշ է միացնում իրենց: Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։
1948թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:
Եղել է Հայրենական պատերազմի մասնակից,
«Ավանգարդ» թերթի աշխատակից՝ (1945- 1954),
«Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ (1954- 1962),
«Գրական թերթի» գլխավոր խմբագիր՝ (1962- 1965),
«Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ (1965- 1967),
Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ (1967- 1981),
«Վերածնված Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր՝ (1981-1991),
Հայաստանի գրողների միության նախագահ՝ (1991-1994),
Ակադեմիայի թղթակից անդամ`(1986) թ.
ակադեմիկոս` (1996)թ.:
Մահացել է 1996թ փետրվարի 21-ին Երևանում, հանգչում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
Գրել է քնարական բանաստեղծություններ, բալլադներ, ասքեր, պոեմներ, գրականագիտական և հրապարակախոսական ակնարկներ ու հոդվածներ, հուշագրային նյութեր:
Նրա քնարական բանաստեղծությունների, բալլադների, ասքերի, պոեմների հիմնական թեման սերն է, բնություն-մարդ փոխհարաբերության գեղեցկությունը, հայրենի կորուսյալ աշխարհի կարոտը, հայոց պատմության առավել դրամատիկ դրվագները («Առաջին սեր», 1947, «Աշխարհի առավոտը», 1950, «ճանապարհ սրտի միջով», 1953, «Ամառային ամպրոպ», 1964, «Գինու երգը», 1966, «Ծուխ ծխանի», 1969, «Անկեզ մորենի», 1972, «Կապույտ գիրք», 1978, «Լույսն իբրև հաց», 1980, «Ասք սիրո», 1982, «Լույս առավոտի», 1984, «Անքնություն», 1986, ժողովածուներ, «Թոնդրակեցիներ», 1961, պոեմ):
Գրել է նաև ակնարկներ, հրապարակախոսական, արվեստաբանական, գրականագիտական հոդվածներ, հուշագրային նոթեր («Զուգահեռ ճանապարհներ», 1976, «Բարի հսկան», 1979):
Թարգմանել է Ա. Պուշկինի, Ջ. Բայրոնի, Մ. Լերմոնտովի, Շ. Պետեֆիի, Ս. Եսենինի, Ռ. Բյոռնսի, Ա. Բլոկի և ուրիշների ստեղծագործություններից:
Բեմադրվել են Վահագն Դավթյանի «Մհերի դուռ», «Ծիրանի ծառ» պիեսները:
«Վահագն Դավթյանի ստեղծագործությունն ամբողջական մի աշխարհ է, ամբողջական մի շենք: Այդ շենքը նման է միջնադարյան վանքի- հիմքերը որձաքարե ժայռերի մեջ, գմբեթը՝ երկնքում: ԵՎ այդ վանքն այնքան է ներդաշնակ իր շրջապատին, այնպես է ձուլված ու խառնված բնությանն ու բնականին, որ շատ հեռուներից է երևում: Տեսնելու և նրան հասնելու համար պետք է հավատավոր լինել ու արվեստի ուխտավոր, որպեսզի հաղթահարես ճանապարհի դժվարությունը... Սիրում եմ 10-ից ավելի ժամանակակից բանաստեղծների, բայց խանդում եմ միայն Վահագնին, որովհետև նա, ասելիքից բացի, ունի նաև պատմելիք և ունի սեփական անհանգիստ միտքն անընդհատ կարգավորող խելք, որ ուրիշ խոսքով մեծ տաղանդ է նշանակում».ասել է Համո Սահյանը:
«Լույս առավոտի,
Դու, որ նման ես երաժշտության,
Եկ ու ինձ փրկիր այս գիշերային անդաշնությունից,
Շաղոտ շուրթերով շշնջա նորից խոսքը հաշտության
Ու սիրտս զտիր,
Որ պղտորվել ու ելել է հունից»:
Վ. Դավթյան «Լույս Առավոտի»
«Եվ այսքան հրաշք տեսնելուց հետո,
Ինձ համար դարձյալ հրաշքը վերին
Տաք հողի միջով բոբիկ քայլելու
Այն վաղնջական երանությունն է…
Դարձյալ ու դարձյալ
Այն վայրկյանն է սուրբ,
Երբ աչքերի մեջ բաղձալի կնոջ
Վարանումները մարմրում անզոր,
Դառնում են անմեղ -մեղավոր խոստում»:
Վ. Դավթյան «Հրաշք»
«Դուրս է եկել, ոտաբոբիկ կանգնել հողին
ՈՒ նայում է, նայում հեռուն,
Հողից խայտանք է բարձրանում, փոխվում դողի
ՈՒ կրծքի տակ քաղցր եռում:
Սև են ծամերն, իսկ երեսից լույս է ծորում,
Բարալիկ է` նման վազի,
Այս գարնան հետ աչքերի մեջ նրա խորունկ
Ցոլքն է ուրիշ մի երազի»:
Վ. Դավթյան «Այգեպանի աղջիկը»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա