ՏԻՄ ընտրություններ. Գործող գյուղապետերը ցանկանում են վերընտրվել
Կոտայքի մարզում մարտի 15-ին համայնքապետի ընտրություններ են նախատեսված 25 ընտրատարածքում ընդգրկված երկու գյուղերում՝ Աղավնաձորում և Բջնիում:
Աղավնաձորը մյուս համայնքներից առանձնանում է: Այստեղ կին թեկնածու կա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Panorama.am-ը տեղեկացավ, որ որպես թեկնածու ինքնաառաջադրվել է գյուղապետի տեղակալ, ՀՀԿ-ական Աննա Բադալյանը: ՀՀԿ-ն սակայն այս գյուղում առաջադրել ու սատարում է գործող գյուղապետի՝ Մխիթար Դանիելյանի թեկնածությունը:
Անկուսակցական Սամվել Հարությունյանը հետ է վերցրել առաջադրման համար ներկայացրած փաստաթղթերը, մյուս անկուսակցականը՝ Ռոմեր Ալեքսանյանն արդեն գրանցված թեկնածու է:
Բջնիում գյուղապետ դառնալու համար առաջադրվել է երեք թեկնածու: Այստեղ էլ գործող համայնքապետը՝ Արմեն Մաթևոսյանը ցանկանում է վերընտրվել: Նրան առաջադրել է ՀՀԿ-ն: Մյուս երկու թեկնածուները՝ Ռազմիկ Հակոբյանն ու Սուրեն Հարությունյանն անկուսակցական են ու ինքնաառաջադրված:
Վայոց Ձորի մարզում համայնքապետ կընտրեն մեկ համայնքում՝ 39 ընտրատարածքում ընդգրկված Չիվայում: Գրանցված երկու թեկնածուներից մեկը գործող համայնքապետն է՝ անկուսակցական Նաիրի Սարգսյանը, մյուսը՝ գյուղի մշակույթի տան տնօրենը՝ անկուսակցական Լիպարիտ Կարապետյանը:
Նշենք, որ մարտի 15-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 25-ին ու կշարունակվի մինչև մարտի 13-ը:
Մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Փետրվարի 18-ին լրացավ թեկնածուների գրանցման ժամկետը: Մինչև թեկնածուների գրանցումը առաջադրման փաստաթղթեր ներկայացրած 134 քաղաքացիներից 6-ը ներկայացրել էին դիմումներ` առաջադրման փաստաթղթերը հետ պահանջելու վերաբերյալ: Մնացած քաղաքացիների` որպես թեկնածու գրանցվելու դիմումները բավարարվել են, և որևէ գրանցում չի մերժվել:
Նկատենք, որ գրեթե բոլոր գյուղերում ու քաղաքներում գործող համայնքապետերն առաջադրված են:
Նախորդող հրապարակումներ՝
ՏԻՄ ընտրություններ. Գեղարքունիքում և Արարատում էլ կին թեկնածուներ չկան
ՏԻՄ ընտրություններ. Արագածոտնում թեկնածուների մեծ մասն անկուսակցական են
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Մարտի 15-ին 33 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները