«El Espectador». Այսօր հայերի մասին ավելի շատ են հիշում` պահանջելով արդարություն և ցեղասպանության ճանաչում
Մեկ և կես միլիոն հայերի մահվան պատճառ դարձած 1915 թվականի անհերքելի դեպքերի ժխտումը տարիներ շարունակ եղել է Թուրքիայի մերժողական քաղաքականության նպատակը: Այս մասին գրում է կոլումբիական առաջատար «El espectador» պարբերականը:
Հայոց ցեղասպանությանը նվիրված իր անդրադարձում պարբերականը գրում է, որ ավելի քան 1.5 միլիոն հայեր ոչնչացվեցին, ոմանք ուղղակի մահապատժի ենթարկվեցին, շատերն էլ քշվեցին դեպի անապատներ ու լեռներ: Ըստ պարբերականի` այդ իրադարձությունները Թուրքիայում ցեղասպանություն կոչելը հավասարազոր է «քրեական հանցագործության» մեջ մեղադրանքներ վաստակելուն:
«1915 թվականի ապրիլին, երբ Օսմանյան կայսրությունը միացավ պատերազմի կենտրոնական դերակատար պետություններին, սկսեց Հայոց ցեղասպանությունը, որի իրողության մասին բազմաթիվ դիվանագիտական և մամուլի փաստագրական տվյալներ կան: Հայերին մեղադրում էին կասրության «քրիստոնյա թշնամիներին» աջակցություն ցուցաբերելու մեջ : The New York Times-ը այդ իրադարձությունները անվանել է «իշխանությունների կողմից կազմակերպված և քողարկված արշավ»: Հազարավոր հայեր հարկադրված եղան իսլամ ընդունել»,- գրում է պարբերականը:
Պարբերականի դիտարկմամբ` հարկադրված իսմալացման ենթարկվեց և էթնիկական զտման քաղաքականության զոհ դարձավ հեն այն ժողովուրդը, ով 301 թվականին աշխարհում առաջին անգամ քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել: Այնուհետև պարբերականը նկատում է, որ Մալթայում և Կոնստանդնուպոլսում բրիտանացիների և հենց օսմանցիների կողմից ստեղծված ցեղասպանության ոճրագործներին պատժի ենթարկելու տրիբունալները անգործության մատնվեցին, քանի որ չկար պատերազմի ժամանակ տուժածների համար արդարությունը հիմնավորող ու գործող կանոններ:
Պարբերականը մասնավորեցնում է` նշելով, որ այդ տրիբունալները արձակվեցին Թուրքիայի հանրապետության հայր համարվող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, իսկ անկախության ձեռքբերումից հետո էլ Թուրքիան ձեռնամուխ եղավ քրդերի ձուլման քաղաքականությանը:
«Հոլոքոստը պլանավորելիս Հիտլերը հարցում էր, թե ո՞վ է այսօր հիշում հայերի մասին: Բայց հայերի մասին հիշում էին, և այսօր մարդկությունը ավելի ու ավելի շատ է հիշում հայության մասին` պահանջելով ցեղասպանության ճանաչում, արդարություն և փոխհատուցում: ՆԱՏՕ-ին անդամակցած Թուրքիան Սառը պատերազմի տարիներին հրաժարվել է խոսել Հայոց Ցեղասպանության մասին, բայց թվում է, թե եկել է այդ մասին խոսելու ժամանակը»,- եզրակացնում է պարբերականը: