«Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի նոր մրցանակը
Կալուգայում անցկացված «Հանդիպում» միջազգային 10-րդ կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է եղել 290 ֆիլմ աշխարհի 10 երկրից, այդ թվում հայ ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը, որն արժանացել է ժյուրիի պատվոգրի՝ ի նպաստ ժամանակակից՝ ուղղափառ մշակույթի զարգացման և ավանդույթների պահպանման համար: Այս մասին հայտնում է «Կինոաշխարը»:
Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել կինոփառատոնի նախորդ 9 տարիների «Գրան պրիի» արժանացած կինոնկարների ռեժիսորները: Փառատոնը կայացել է փետրվարի 10-16-ը:
Ռեժիսորի փոխանցմամբ, կինոնկարը ցուցադրվել է կինոփառատոնի շրջանակներում երեք անգամ լեփ-լեցուն դահլիճում և արժանացել հանդիսատեսի համակրանքին: Ժյուրիի անդամ ուկրաինացի հայտնի կինոռեժիսոր Վլադիմիր Բուդկոն պատվոգիրը Գուժ Թադևոսյանին հանձնելիս կիսվել է կինոնկարի մասին իր տպավորությունով. «Ես ինքս ընկղմվեցի մանկության մեջ և ձեր հերոսի հետ միասին շփվեցի պապիկիս հետ: Ես 41 տարեկան եմ և նման իրավիճակ չի եղել իմ կյանքում, ինչպիսին ձեր ֆիլմում էր, բայց ֆիլմը այնքան արդար էր ու հեքիաթային, որ ես ինքս ինձ չէի կարող զրկել այդ հաճույքից՝ հայտնվել ձեր կինոնկարի գլխավոր հերոսի կերպարում: Դուք նկարահանել եք հիանալի կինոնկար»:
«Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը շարունակում է իր փառատոնային հաղթարշավը, կինոնկարը արդեն իսկ ընդգրկվել է մի շարք հեղինակավոր միջազգային կինոփառատոնների մրցութային բաժիններում:
Հիշեցնենք, որ Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց...» կարճամետրաժ խաղարկային կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Ֆիլմն արդեն արժանացել է մի քանի մրցանակների:
Նախորդ տարի Տյումենում, նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կայացած առաջին՝ «Ноль Плюс» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնում Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը արժանացել է երկու հատուկ մրցանակների. ռուս կինոռեժիսոր Վլադիմիր Ֆենչենկոյի գլխավորած փառատոնի ժյուրիի «Հատուկ մրցանակին» և փառատոնի գործընկեր՝ ՄՏՍ ընկերության սահմանած հատուկ մրցանակին:
Մինչ այդ՝ հունիսի 10 -15-ը կինոնկարը մասնակցել է Յարոսլավ քաղաքում կայացած «Свет миру» միջազգային կինոփառատոնին և «Խաղարկային կինոնկար» անվանակարգում արժանացել է 3-րդ աստիճանի դիպլոմի:
«Եվ կրկեսը ժամանեց...» ֆիլմի սցենարը գրել է Օլգա Զայմենցևան, իսկ համահեղինակն է Արթուր Մկրտչյանը։