«Ցեղասպանության որբերը» ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ամերիկյան «The Maple Theater» կինոթատրոնը ցուցադրել է Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմը: Այս մասին հաղորդում է ամերիկյան «The Oakland Press» պարբերականը:
Ֆիլմի ռեժիսորն է «Էմմի»-ի քառակի մրցանակակիր Բարեդ Մարոնյանը, ով ֆիլմ նկարահանելու մասին որոշումը կայացրել է հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի «The Independent» պարբերականում հրապարակված «Հայոց ցեղասպանության կենդանի ապացույցը» հոդվածը կարդալուց հետո:
«Երբ կարդացի այդ հոդվածը, պարզապես ցնցվել էի այն ամենով, ինչ այնտեղ գրված էր: Այս պատմությունը տեղի է ունեցել 100 տարի առաջ և ես զարմացած էի, թե ինչպես կարող է նման բան տեղի ունեցած լինել»,- ասել է ռեժիսերը:
Ֆիլմը աշխարհի ամենախոշոր որբանոցի մասին է, որը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ մեկ հարկի տակ ապաստան էր տվել 22 հազար երեխայի:
Նկարահանման աշխատանքները տևել են 3.5 տարի: Փաստեր, վիճակագրություն և վավերագրեր գտնելու նպատակով ռեժիսորն օգտվել է սկանդինավյան, գերմանական և հայկական արխիվներից: Հենց այդ ժամանակ էլ գերմանական ազգային արխիվներում նրա ձեռքն է ընկել 22 հազար որբերի պատկերող հազվագյուտ լուսանկարը, որն էլ հետո Մարոնյանը օգտագործել է իր ֆիլմում: