Նացվլիշվիլի. Վրաստանը չի հրաժարվի զարգացման Եվրոպական ուղղությունից
Վրաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Թբիլիսիի քաղաքային խորհրդի (Սակրեբուլո) անդամ, քաղաքագետ Բեկա Նացվլիշվիլին:
Վրաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Սա առաջին հերթին ենթադրում է երկու երկրների միջև երկխոսության վերականգնում այն պարզ պատճառով, որ երկխոսության այլընտրանքը, ցավոք սրտի, հակամարտությունն է»,- նշել է Բեկա Նացվլիշվիլին:
Բանախոսը, սակայն շեշտել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում առկա լարված աշխարհաքաղաքական վիճակը, պաշտոնական Թբիլիսին ցուցաբերում է իրատեսական մոտեցում և այս հարցում կարճաժամկետ հեռանկարում ինչ-որ լուրջ առաջընթաց չի ակնկալում:
Քաղաքագետի կարծիքով` Վրաստանի իշխանությունների գլխավոր նպատակը խաղաղության պահպանումն ու նոր ռազմական առճակատումից խուսափելն է:
Բեկա Նացվլիշվիլին նաև ընդգծել է, որ Վրաստանը ցանկացած պարագայում չի հրաժարվի զարգացման Եվրոպական ուղղությունից` շեշտելով, որ դա առաջին հերթին «քաղաքակրթական ընտրություն է»: