«Իրենց քաղաքական հարցերն ունեին, քավության նոխազ դարձրեցին քրոջս ընտանիքը».Ավետիսյանների հարազատները Շիրակի դատախազությունում են
Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներն այսօր գնացել են Շիրակի մարզի դատախազություն: Նրանք մտել են Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի սենյակ, պահանջում են հանդիպում կամ հեռախոսազրույց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Ավետիսյանների հարազատները ցանկանում են ստանալ իրենց հարցերի պատասխանները կապված գործի քննության, ընթացքի հետ:
«Առաջին օրվանից որևէ տեղեկոթյուն չենք ստացել»,- ասում են Ավետիսյանների հարազատները:
Ր. Ասլանյանն ասաց, որ կա վարույթ իրականացնող մարմին, պետք է դիմել նրանց, որն էլ օրենքի սահմաններում կտրամադրի տեղեկատվություն:
«Մենք եկել ենք այստեղ յոթ անմեղ զոհերի գործով տեղեկատվություն իմանալու համար, իրականությունը պարզելու համար, թե ինչ է եղել Ավետիսյանների տանը: Իրենց քաղաքական հարցերին ունեին, քավության նոխազ դարձրեցին քրոջս ընտանիքը»,- ասաց Ավետիսյանների հարազատներից մեկը:
Նրանք ասացին, որ չեն հեռանա այս սենյակից, մինչև չհանդիպեն գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:
«Մենք ուզում ենք իմանալ պատճառը, որ մենք էլ հանգիստ մնանք: Արդյոք Պերմյակովն է, թե ոչ: Արդյոք ներսում գտնվողը Պերմյակովն է, թե ոչ»,- ասացին Ավետիսյանների հարազատները:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների հարազատները օրեր առաջ լրագրողներին ասել էին, որ 40 օրվա ընթացքում որևէ ստույգ պատասխան չեն ստացել թե ինչպես է եղել դեպքը, ինչ ընթացքում է քննությունը, և առաջիկա երկու օրվա ընթացքում էլ հստակ պատասխան չստանալու դեպքում դիմելու են կտրուկ քայլերի:
Գյումրի քաղաքում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Դեպքից հետո Գյումրիում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, պահանջը մեկն էր՝ Պերմյկովին հանձնել հայ իրավապահներին, նրա դատավարությունն ընթանա Հայաստանում՝ հայաստանյան օրենքներին համապատասխան:
Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Պատասխան դեռևս չկա:
Նախորդող հրապարակումներ`
Գյումրիի ողբերգությունից 40 օր անց. «Ռուսական կողմը պատրաստ չէ հանձնել Պերմյակովին»
Բոլոր հարցերին չեմ պատասխանել, քանի որ գոյություն ունի նախաքննության գաղտնիություն». Գևորգ Կոստանյան
«Իրավունք ունե՞ն ռուսական ռազմաբազայի զինծառայողները զինված օպերատիվ գործողություններ իրականացնել ՀՀ տարածքում». Նիկոլ Փաշինյան
«Արտաքին գործերի նախարարը չկա, ԱԱԾ-ն չի արձագանքում». Ալեքսանդր Արզումանյան
«Սահմանը հատելու մասով քրեական գործ չի հարուցվել». Զարուհի Փոստանջյան
«Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում». Նաիրա Զոհրաբյան
Որևէ սահմանախախտ նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեր. Խոսրով Հարությունյան
«Տղամարդավարի ասում եմ՝ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին». Գևորգ Կոստանյան
«Ես էլ երեխեք ունեմ, հասկանում եմ դա ինչ է նշանում». Գլխավոր դատախազը՝ գյումրեցիներին
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
Գյումրեցիները պահանջում են՝ «դուրս արի»
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ