Ավետիսյանների հարազատները պատասխան չստանալու դեպքում ուրբաթ օրը ցույց կանեն
«Մինչև հինգշաբթի մենք ժամանակ ենք տալիս գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Մենք պահանջում ենք, որ նա գա Գյումրի և պատասխանի մեզ հուզող հարցերին»,- Շիրակի դատախազությունում լրագրողների հետ զրույցում ասացին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները:
Հիշեցնենք, որ նրանք այսօր գնացել էին Շիրակի մարզի դատախազություն` դատախազ Րաֆֆի Ասլանյանից պահանջելով, որ կազմակերպի հանդիպում կամ հեռախոսազրույց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Ավետիսյանների հարազատները ցանկանում են ստանալ իրենց հարցերի պատասխանները կապված գործի քննության, ընթացքի հետ:
«Եթե մեր պահանջը չկատարվի, մենք ուրբաթ օրը Գյումրիում կհավաքվենք, դուրս կգանք փողոց: Ամբողջ Գյումրին մեզ հետ կլինի: Մենք ուզում էինք մեր հարազատներով այս հարցը լուծել, հանդիպել ու ստանալ հարցերի պատասխաններ, սակայն, ինչպես տեսնում եք, չստացվեց»,- ասացին նրանք:
Գյումրի քաղաքում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Դեպքից հետո Գյումրիում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, պահանջը մեկն էր՝ Պերմյկովին հանձնել հայ իրավապահներին, նրա դատավարությունն ընթանա Հայաստանում՝ հայաստանյան օրենքներին համապատասխան:
Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Պատասխան դեռևս չկա:
Նախորդող հրապարակումներ`
Գյումրիի ողբերգությունից 40 օր անց. «Ռուսական կողմը պատրաստ չէ հանձնել Պերմյակովին»
Բոլոր հարցերին չեմ պատասխանել, քանի որ գոյություն ունի նախաքննության գաղտնիություն». Գևորգ Կոստանյան
«Իրավունք ունե՞ն ռուսական ռազմաբազայի զինծառայողները զինված օպերատիվ գործողություններ իրականացնել ՀՀ տարածքում». Նիկոլ Փաշինյան
«Արտաքին գործերի նախարարը չկա, ԱԱԾ-ն չի արձագանքում». Ալեքսանդր Արզումանյան
«Սահմանը հատելու մասով քրեական գործ չի հարուցվել». Զարուհի Փոստանջյան
«Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում». Նաիրա Զոհրաբյան
Որևէ սահմանախախտ նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեր. Խոսրով Հարությունյան
«Տղամարդավարի ասում եմ՝ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին». Գևորգ Կոստանյան
«Ես էլ երեխեք ունեմ, հասկանում եմ դա ինչ է նշանում». Գլխավոր դատախազը՝ գյումրեցիներին
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
Գյումրեցիները պահանջում են՝ «դուրս արի»
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ