Գեղանկարիչ. Հայկական արվեստի շուկայում առայժմ հեռանկար չեմ տեսնում
Փարիզում անհատական ցուցահանդեսներ ունեցած գեղանկարիչ Հարություն Հարությունյանի առաջնային և գլխավոր նպատակներից է՝ անհատական ցուցահանդես ունենալ նաև իր հայրենիքում՝ Հայաստանում: Սակայն դեռևս նրան չի հաջողում իր այդ նպատակն իրականություն դարձնել: Panorama.am-ի հետ զրույցում արվեստագետն ասում է, որ Հայաստանում շատ է մասնակցել խմբակային ցուցահանդեսների, սակայն դեռևս անհատական ցուցահանդեսով հանդես չի եկել:
«Անհատական ցուցահանդես կազմակերպելու համար գումար է անհրաժեշտ՝ դահլիճ վարձակալելու, բուկլետներ, կատալոգ պատրաստելու համար: Սակայն այսօր ես այդ միջոցները չունեմ: Այսօր նկարներն այնքան էլ լավ չեն վաճառվում, ժողովրդի գնողունակությունը նվազել է: Պետք է նկարները վաճառվի, որ կարողանամ այդ միջոցները ներդնել ցուցահանդես կազմակերպելու համար: Կամ էլ անհրաժեշտ է հովանավոր»,- ասում է Հ. Հարությունյանը:
Արվեստագետը ստեղծագործում է ռեալիստական, աբստրակ ոճերով, նախընտրում է նկարել բեմական մոտիվներ, կրկեսային տեսարաններ, նաև բնանկար, գծանկար:
«Միջավայրի արդյունքից բխող թեմաներն են արտահայտվում կտավի վրա»,- նշում է Հ. Հարությունյանը:
Նա հայկական արվեստի շուկայում առայժմ հեռանկար չի տեսնում, ի տարբերություն եվրոպական արտ-շուկայի:
«Այստեղ մի քիչ կանգնած վիճակ է, քանի գնում, ավելի է վատանում վիճակը: Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում, ցանկանում եմ, որ այստեղ ավելի հեռանկարային լինի, սակայն արվեստի շուկան որևէ լավ բան չի խոստանում»,- ցավով արձանագրում է արվեստագետը:
Գեղանկարիչը դեռևս պետությունից որևէ պատվեր չի ստացել: Հիմնական պատվիրատուները սովորական քաղաքացիներն են, այն էլ մեծամասամբ պատվիրում են դիմանկար:
Հ. Հարությունյանը Գերմանիայում, ԱՄՆ-ում ցուցահանդեսներով հանդես գալու առաջարկներ ստացել է, սակայն դեռևս փորձում է ուղիներ փնտրել իր հայրենիքում անհատական ցուցահանդեսով գալու ցանկությունը, երազանքն իրականացնելու համար:
Նռեր
Միայնակ խրճիթը
Երևանյան անուրջներ
Հարություն Հարությունյանը ծնվել է արվեստագետ Հրաչյա Հարությունյանի ընտանիքում: Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, ավարտել է Գեղարվեստա-թատերական ակադեմիայի կերպարվեստի բաժինը և 1992-ից նկարիչների միության անդամ է: 2013-ին Փարիզի «Ժան-Գուժան» և «Սիթե-Դես ԱՐՏ» պատկերասրահներում բացել է անհատական ցուցահանդեսներ: Հ. Հարությունյանը արժանացել է բազմաթիվ պարգևների, շնորհակալագրերի և Փարիզի հայ համայնքի արքեպիսկոպոս՝ Գ. Թորոսյանի պատվոգրին: