Հասան Ռոհանի. Այսօր որևէ մեկն արդեն չի կարող պնդել, թե Իրանի միջուկային ծրագիրը ոչ խաղաղ նպատակներ է հետապնդում
«Այսօր որևէ մեկն արդեն չի կարող պնդել, թե Իրանի միջուկային ծրագիրը ոչ խաղաղ նպատակներ է հետապնդում»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահն այսօր Թեհրանում տեղի ունեցած Չմիավորման շարժման անդամ երկրների կրթության և գիտություն նախարարների նիստի ընթացքում, անդրադառնալով գիտության ոլորտում Իրանի արձանագրած հաջողություններին, մասնավորապես նշել է. «Այսօր որևէ մեկն արդեն չի կարող պնդել, թե Իրանի միջուկային ծրագիրը ոչ խաղաղ նպատակներ է հետապնդում, սակայն ինչո՞ւ են շարունակվում անտրամաբանական ճնշումները: Իրանը գիտության տարբեր ոլորտներում (միջուկային էներգիա, բարձր տեխնոլոգիաներ, ալեհավաքների արտադրություն, դեղագործություն) մեծ հաջողությունների է հասել: Իրանն աշխարհում գիտական հոդվածներ հրապարակած երկրների շարքում կազմում է 16-րդ տեղը»:
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նախօրեին Ժնևում տեղի էր ունեցել Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ջոն Քերիի հանդիպումը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ առաջին անգամ տեխնիկական մանրամասնություններ քննարկելու նպատակով բանակցություններին մասնակցել են նաև Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և Միացյալ Նահանգների էներգիատիկայի նախարար Էռնեստ Մոնիզը: