Մեծ պահք. «Ապրենք Տիրոջ երկյուղով, ինչը, հիրավի, կիմաստացնի մեզ»
Մեծ պահքի 8-րդ օրն է:
«Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը` պարզամիտներին խորագիտություն և երիտասարդներին միտք ու հանճար տալու համար» (Առ. 1.2-4): Առակաց գրքի այս նախադասությունը, որը հայոց գրերի գյուտից հետո առաջինը թարգմանվեց, կարծես կանխորոշեց մեր ժողովրդի ուղին, սեփական պատմությունն արարելու իր ընկալումը: Այսօր այն վերստին հնչում է մեզ համար, որպեսզի անդրադառնանք, թե ճշմարիտ արդարությունն ու իրավունքը նախ և առաջ բխում են աստվածճանաչողությունից: Սակայն այդ ամենի մեջ զգուշացում ենք ստանում, թե «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով» (Առ. 1.7): Աստծուց երկյուղելը սերտորեն առնչվում է աստվածպաշտության հետ, որտեղից և սկսվում է ճշմարիտ գիտելիքն ու իմաստությունը: Եթե մեր միտքն ու հոգին համակված չլինի այն համոզմամբ, որ Աստված է աղբյուրն իմաստության և բոլոր բարիքների, ապա վստահաբար կդասվենք այնպիսինների շարքին, ովքեր հարցերի պատասխանները գտնելու փնտրտուքի մեջ թեև ամեն ջանք գործադրում են` ապավինելով իրենց մտքի «զորությանը», սակայն մնում են անգիտության մեջ և մոլորվում են: Բայց պետք է ընկալենք նաև, որ Տիրոջ երկյուղը բնավ չի ենթադրում տկարություն. ընդհակառակը` Նրան ճանաչողը, ճշմարիտ արդարությամբ ու իրավունքով առաջնորդվողը արժանանում է Աստծուն գործակից ունենալու մեծագույն շնորհին:
Երբ Աստված Երեմիա մարգարեին կանչեց սպասավորության` խրատելու Իսրայելին, վերջինս մարդկային տկարությամբ նկատեց, որ այդ ծանր առաքելությունն իրագործելու համար «մանուկ» է և անկարող: Բայց Տիրոջ պատասխանը չուշացավ` չվախենաս, քանզի ես քեզ հետ եմ` քեզ փրկելու համար (տե´ս Եր. 1.8):
Այս վստահությամբ, որ Աստված մշտապես` թե´ ուրախության, թե´ փորձության պահին, մեզ հետ է, փոխենք արդարության և իրավունքի ընկալումը մեր կյանքում: Ապրենք Տիրոջ երկյուղով, ինչը, հիրավի, կիմաստացնի մեզ` բացահայտելով մեզանում բարի Հանճարի բնակության ու ներգործության անկորնչելի բերկրանքն ու զորությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ`
Մեծ պահք. «Անգամ խաղաղության մեր պայմաններում մատնվում, տանջվում և հալածվում է յուրաքանչյուր քրիստոնյա»
Մեծ պահք. Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ
Մեծ պահք. Պողոս առաքյալի կարևոր պատգամներն են
Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում