ԵՊՀ-ում Ազատ Ասոյանի անվան լսարան է բացվել
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում բացվել է Ազատ Ասոյանի անվան լսարան: Միջոցառման նախաձեռնողներն են եղելն ԵՊՀ ռեկտորատը, Իրավագիտության ֆակուլտետն ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ազատ Արթուրի Ասոյանը (1994 թ.) ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման 1-ին կուրսի ուսանող էր: Նա զոհվել է 2014 թ-ի հուլիսի 31-ին մարտական դիրքերի մատույցներին մոտեցած հակառակորդի հատուկ նշանակության դիվերսիոն խմբի անդամների հետ ձեռնամարտի արդյունքում:
Բացման արարողությանը ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՀՀ ՊՆ պաշտոնյաներ, Ազատի ծնողները, ուսուցիչները, ընկերներն ու հարազատները:
«ԵՊՀ-ում ավանդույթ կա, որի համաձայն՝ մեր հերոսների անուններով լսարաններ ենք կոչում»,-ասել է նա ու հավելել, որ ցավալի է, որ այս խաղաղ, բավականին փխրուն պայմաններում երիտասարդներ են զոհվում:
«Բայց այսօր մենք հպարտ ենք, որ երիտասարդների մեջ Ազատի նման մարդիկ կան, ովքեր պատրաստ են իրենց արյան գնով սահման պահել: Սա ճիշտ դաստիարակություն է, որի համար գլուխ ենք խոնարհում ծնողների առջև»,- ասել է Արամ Սիմոնյանը:
Լսարանի բացման արարողությունն անց են կացրել ԵՊՀ ռեկտորն ու Ազատի մայրը՝ Մանուշակ Բալյանը: Այնուհետև միջոցառումը շարունակվել է ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում, որտեղ համալսարանական զինվորի ընկերներն ու ուսուցիչներն իրենց սրտի խոսքը փոխանցեցին ներկաներին:
«Ես համոզված եմ, որ հիմա բոլոր ներկաների մոտ երկակի զգացում է իշխում. մի կողմից՝ խորը ցավ, որ երիտասարդի մահ են սգում, մյուս կողմից՝ մեծ հպարտություն, որ Ազատի նման զինվորներ են մեր սահմանը հսկում: Իրավագիտության ֆակուլտետում նմանատիպ արդեն 6-րդ լսարանն է: Պետք է նշել, որ համալսարանն ընդհանրապես մեծ թվով հերոսներ է տվել հայրենիքին, ինչի համար մենք, անկասկած, հպարտ ենք»,- նշել է Գագիկ Ղազինյանը:
Ելույթներից հետո ցուցադրվել է Ազատի Ասոյանի կարճ կյանքի, մտորումների ու երազանքների մասին պատմող ֆիլմ, ինչից հետո «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը բոլորին հրավիրել է ԵՊՀ պատմության թանգարան, որտեղ տեղի է ունեցել բաց դասախոսություն՝ նվիրված նորօրյա հերոս Ազատ Ասոյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան