Աղասի Այվազյան-90. «Արվեստագետի ստեղծածը թթխմոր է վաղվա մեր ապրվելիք օրերի համար»
«Աղասի Այվազյան Հիմնադրամը» տարեսկզբին դիմել է պրոդյուսերներին, թատրոնի և կինոյի ռեժիսորներին` բեմադրելու Աղասի Այվազյանի հետևյալ ստեղծագործությունները` «Լացի այգին» պիեսը, «Ալեքսանդր և Կամիլլա» կինոսցենարը «Պոեմ վասն շենքի և շինության» վեպի հիման վրա (նվիրված ճարտարապետ Ա.Թամանյանին ) «Տնանկների միջազգային համաժողով» կինոսցենարը «Ամերիկյան աջաբսանդալ» վեպի հիման վրա:
«Աղասի Այվազյան հիմնադրամի» մամուլի բաժնի պատասխանատու Սիրանուշ Նազլուխանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ արձագանքներ եղել են, իհարկե, սպասում են նոր բեմադրությունների: Նա միաժամանակ հավելեց, որ կան ռեժիսորներ, ովքեր արդեն բեմադրել են Այվազյանի գործերը. Աղասի Այվազյանի «Ամերիկյան աջաբսանդալ» վեպը բեմադրել է դերասան ու բեմադրիչ Լիլի Էլբակյանը, «Ցեղի ֆիզիոլոգիան»` Նարինե Մալյանը, «Գոյ» թատրոնում էլ «Դեկորներ» ներկայացումը` Սամսոն Ստեփանյանի բեմադրությամբ:
Նշենք, որ այս տարի լրանում է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի 90-ամյակը:
«Այս տարի քանի որ լրանում է Աղասի Այվազյանի 90-ամյակը, մենք ուշադրություն ենք հրավիրել մեր ռեժիսորներին բեմադրելու նրա ստեղծագործությունները: Այվազյանին շատ հաճախ ճանաչում են միայն իր թիֆլիսյան պատումներով և «Հայրիկ» ֆիլմով, մինչդեռ նա նաև լուրջ դրամատուրգ է: Երկու պատճառ կա, թե ինչու Այվազյանի գործերը չեն բեմադրում` կամ նյութական խնդիրներ, կամ էլ ռեժիսորները չեն ճանաչում դրամատուրգին: Այսօր ունենք տաղանդավոր ռեժիսորներ, ովքեր ժամանակին Այվազյանի գործերը բեմադրել են»,- մեզ հետ զրույցում ասաց Աղասի Այվազյանի այրի Գրետա Վերդիյանը:
Նշենք, որ Գրետա Վերդիյանը ցանկանում է բացել Աղասի Այվազյանի թանգարան: Գրողի այրին ձեռքի տակ ունի ավելի քան 100 կտավ, գրքեր, նյութեր, ձեռագրեր, որոնք ուզում է դարձնել հանրության սեփականությունը: Թանգարանի հետ կապված դիմել են մշակույթի նախարարություն, սպասում են պատասխանին:
Այվազյանագետ, գրականագետ Անի Փաշայանն էլ մեզ հետ զրույցում դիտարկում արեց, որ Աղասի Այվազյանի մասին այսօր սպիտակ էջից պիտի սկսել:
«Նա դեռ չի ճեղքել «Եռանկյունի» կինոյի սահմանը դեպի իր ընթերցողը: Սահման, որ թույլ չի տալիս մոտենալու այսօրվա մարդու, հայաստանաբնակի ապագայի ճանապարհն արդեն իր արձակում կայացրած մեծ արվեստագետին: Նրա ստեղծածը ապագայի համար է, այն մարդու, ում համար կարևորը հոգու գերակայությունը, արվեստի ուժին ձգտելն ու այն ամբողջովին զգալը, մյուս մարդուն հասկանալն է: Գրողի մահվանից հետո քիչ բան չարվեց նրա Գործը երևան հանելու և ցույց տալու: Մեծ արվեստագետի ստեղծագործական ժառանգությունն ամբողջապես նպաստավոր է այսօրվա կյանքն առողջացնելու և հայրենիքի ամբողջական նկարագիրը ճանաչելու համար: Գրականությունը միշտ ունեցել է հոգևոր այդ հզոր հատկանիշը: Գրողին Ճանաչել նշանակում է կարդալ և յուրացնել, կարդալ և կիրառել: Գիրքը զարդ չէ՝ դրված գրապահարանում, այլ՝ կենդանի օրգանիզմ: Խոսքը կարևոր գրականության մասին է: Աղասի Այվազյանի գրականությունը թթխմոր է վաղվա մեր ապրվելիք օրերի համար: Հոգում տեղի ունեցող տագնապների մասին սոսկ չի գրել, առանձնացրել է դրանք, մատնանշել: Մարդկային հոգու ու ցավի պատմահայր է Աղասի Այվազյանը: Շատ կարևոր փուլ եմ համարում նրա ստեղծագործությունները հատորներով, այսինքն՝ ամբողջական դարձնելը: Մոտենում է մեծ գրողի 90-ամյակը: Կարծում եմ` տարին խորհրդանշական պիտի լինի՝ մոտենալու և վերարժևորելու նրա ստեղծագործությունը»,- ասաց այվազյանագետ Անի Փաշայանը:
Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանը ծնվել է 1925 թ. Վրաստանի Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-48)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-73-ին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-81-ին` «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է «Եռանկյունի» կինոնկարը:1975թ. ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ «Եռանկյունին» կինոնկարի սցենարի համար և Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ «Եռանկյունին» գրքի համար: 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը:
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը, որը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակի: Այս ֆիլմը պատմում է հայ անվանի նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին։
Ա. Այվազյանը գրել է ավելի քան 20 գիրք, որոնք թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, բուլղարերեն, լիտվերեն, չեխերեն, ռումիներեն, առանձին գործեր լույս են տեսել ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, պարսկերեն և այլն:
Նկարչական գործերը ցուցադրվել են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Նկարչի տանը` մի ինքնանկարի ցուցահանդեսում, «Գրողները` նկարիչ և նկարիչները` գրող» և բազմաթիվ այլ ցուցահանդեսներում: Ի թիվս գրական մրցանակների` ստացել է ՀԽՍՀ Պետական և ՀՀ նախագահի մրցանակները, պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց - Սահակ Պարթև» շքանշաններով:
(Նկարում՝ Ս. Վանյան, Ա. Այվազյան, Հ. Մալյան. 1934)
ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԸ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ
«Գրողն Աղասի Այվազյանն է, և հիմա ես՝ ոչ գրողս, գրելու եմ նրա մասին: Կյանքիս տարբեր շրջաններում տարվել եմ տարբեր գրողներով: 5-7 տարեկանում Թումանյանն էր՝ «Շունն ու կատուն«, «Մի կաթիլ մեղրը»: 8-10 տարեկանում՝ Մարկ Տվենը: Մի փոքրր ավելի ուշ ամեն ինչ իրար խառնվեց՝ Ժյուլ Վեռն և Արմեն Մկրտիչ, Ա. Դյումա և Ա. Բակունց, Րաֆֆի և Դոստոևսկի, Լ. Շանթ, Մ. Ռիդ, Բալզակ, Ջ. Լոնդոն... Հետո այդ ամենին միախառնվեց պոեզիան: Հետո ամեն ինչ կարծես հստակացավ՝ Սարոյան, Չեխով, Հ. Մաթևոսյան, նորից Թումանյան: Եվ, իհարկե, Աղասի Այվազյան: Նրա գրականությունն իմ ուղեկիցն է երկար ու ձիգ տարիներ, թվում է՝ նույնիսկ իմ գիտակցական ողջ կյանքի ընթացքում: Այն շրջանից սկսած, երբ նա դեռ չէր էլ գրում: Երբ նա երազում էր: Երազում էր լինել նկարիչ, երաժիշտ, ռեժիսոր, դերասան, օդաչու, երգահան, ճանապարհորդ ու նաև... գրող...Այդ բոլորը, իսկապես, նա, առանց կատակի, եղավ: Բայց նախևառաջ, եղավ գրող, արձակագիր... Որ շատ անսովոր կերպով պատմում է անսովոր մարդկանց մասին: Պատմում է մի քիչ ժպիտով, մի քիչ արցունքով, միավորում է բոլորիս, հարազատացնում է իրար՝ ներելով բոլորիս թուլությունները, արատները, մաքրելով, սրբագրելով, ազնվացնելով մեզանից մեկին, մյուսին, մի ողջ ընտանիք, մի ամբողջ ազգ: Նրա գրքերի մարդիկ զարմանալիորեն հավերժական են: Ես միշտ էլ զարմացել եմ, թե ինչպես է լինում, որ նրա հերոսները՝ դարբինը, կոմսը, վարսավիրը, վանականը, պարուհին, ավազակը, դահիճը, զինվորը, նկարիչը, միշտ էլ նուրբ են, խելացի, ազնիվ ու... մտավորական, չափազանց մտավորական: Եվ պետք չէ զարմանալ, որ Աղասի Այվազյանն այդչափ դիտունակ է. այդպիսիք էին այն թաղամասի բոլոր այն մարդիկ, որտեղ նա հասունանում էր: Բայց ես չեմ կարող չզարմանալ նրա երևակայության անսպառությամբ: նա անդադար հնարում է, բայց ճշմարիտն է հնարում: Հրաշագործի նման է ստեղծում. նա ընդունակ է ցանկացած նյութից, ցանկացած շաղախից կերտել, շնչավորել, գունավորել մի նոր կերպար, մի նոր բնավորություն, մի նոր մարդ: Աղասին ի բնե սուր աչք ունի ու նաև սուր հոգի: Նրա հոգին ամեն ինչ տեսնում է, նրա աչքը, թվում է, զգում է ամեն բան: Իսկ ես՝ նրա մանկության, պատանեկության, երիտասարդական տարիների ու նաև... ոչ երիտասարդական այս օրերի ընկերը, երախտապարտ եմ, որ վաղուց ինձ շրջապատեց լուսավոր գրքերի լույս մարդկանցով:
Ես չգիտեմ՝ ինչպես են դառնում արվեստագետ: Երբ... որ պահին... Ինձ համար երրորդ դասարանցի Աղասի Այվազյանն արդեն արվեստագետ էր: Դեռ 47 տարի առաջ այդ բարձրահասակ, անհանգիստ ու ժպտուն, սևորակ աչքերով 9 տարեկան մանուկը տարբերվում էր մեր դպրոցի իր բոլոր հասակակիցներից: Տարբերվում էր իր արտաքինով՝ հագուստի գունագեղությամբ, մազերի սանրվածքով, կեցվածքով նաև: Տարբերվում էր, մանավանդ, իր ներքին հատկանիշներով, անհանգիստ խառնվածքով, հաճախ մոլեգին ու անհաշտ բնավորությամբ: Նա մի ամբողջ դպրոցի միակ ջութակահարն էր: Մենք, լավագույն դեպքում, թառ էինք ծնգծնգացնում: Նույն տարիներն նա եղավ նաև նկարիչ. վրձնում էր իսկական նկարչի նման, իսկ մենք նույնիսկ գնահատող չէինք կարողանում լինել: Նույն տարիներին նա եղավ նաև բանաստեղծ: Մենք՝ 3 ընկերներով, չորրորդ դասարանից մինչև վեցերորդը, ամեն օր միմյանց կարդում էինք մեր բանաստեղծությունները: Այնուհետև նրա մտքում նորանոր գաղափարներ էին հղանում: Տարվեց լուսանկարչությամբ և ստեղծեց գուցե աշխարհում միակ ֆոտոֆիլմը՝ «Օթելլոյի» սյուժեով, ուր նա Օթելլո էր, իսկ ես ակամայից Յագո եղա: Հետո նա տարվեց լողով: Ես ներքին մի նախանձով հետևում էի, թե ինչպես էր Աղասին ջուրը նետվում, ճչում խենթ մի հրճվանքով, և մինչև օրս էլ իմ ականոմ հնչում է նրա հաղթական ճիչը՝ «ա-օ-է», որ աշխարհի ոչ մի լեզվով էլ ոչինչ չի նշանակում, և գուցե միայն 30-ական թվականների թիֆլիսցիներները գիտեին, որ այն նշանակում է շատ, չափազանց շատ բան...Հետո տարիներ անցան. մենք որոշեցինք դերասան դառնալ, հետո՝ ռեժիսոր և այսպես շարունակ: Նա գիտեր հրապուրվել, հիանալ, խենթանալ գեղեցիկով: Նա ստեղծում էր, ստեղծագործում էր անընդհատ, և դա նրա մոտ բնական էր, ինչպես շնչելը, ապրելը: Նա գիտեր ոգևորվել և ոգևորել մյուսներին: Նա հաճույք էր ստանում, երբ իրեն լսում էին, երբ հաղորդակցվում էր դիմացինի հետ, երբ վերափոխում էր նրան, բարձրացնում էր, վեհացնում, գեղեցկացնում: Եվ գեղեցիկ էր այդ պահերին նաև ինքը: Իսկ հետո եկավ համընդհանուր ճանաչումը տաղանդավոր արձակագրի, կինոդրամատուրգի, կինոռեժիսորի: Դարձել է անվանի հայ արվեստագետ: Եվ գուցե միայն ես գիտեմ, որ Աղասին ոչ թե դարձել է, այլ միշտ եղել է Այվազյան՝ Աղասի Այվազյան»: