ՏԻՄ ընտրություններ. Թեկնածուները կամ ՀՀԿ-ական են, կամ անկուսակցական
Մարտի 15-ին համայնքապետի ընտրություններ նախատեսված են Շիրակի մարզի հինգ գյուղերում: Բոլոր համայնքներում էլ գործող համայնքապետերն առաջադրված են:
36 ընտրատարածքում ներառված Անուշավան գյուղում գրանցված երկու թեկնածու կա՝ գործող գյուղապետ, անկուսակցական Երվանդ Հակոբյանն ու գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, անկուսակցական Հրաչյա Ղահրամանյանը: Երևկուսն էլ ինքնաառաջադրված են: Կարելի է ենթադրել, որ գյուղապետարանի աշխատակիցն առաջադրվել է զուտ օրենքի պահանջը բավարարելու համար:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն, եթե համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած:
33 ընտրատարածքում ընդգրկված Արփենի գյուղում էլ թեկնածուներից մեկը գյուղապետն է, ՀՀԿ-ական Արմեն Առաքելյանը: Նրան առաջադրել է կուսակցությունը: Հանրապետական մյուս թեկնածուն, ով գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Խաչատրյանն է, առաջադրման համար ներկայացրած փաստաթղթերը հետ է վերցրել: Գործող գյուղապետի դեմ, ըստ ԿԸՀ պաշտոնական էջի, կպայքարի անկուսակցական Վահագն Առաքելյանը:
Կարմրավան գյուղում միմյանց դեմ կպայքարեն երկու ՀՀԿ-ական: Կուսակցությունը ոչ գործող գյուղապետ Ֆելիքս Հարությունյանին է սատարում, ոչ էլ՝ Մանուկ Հարությունյանին: Երկուսն էլ ինքնաառաջադրված են:
Հառիճում գործող անկուսակցական գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը մնացել է առանց մրցակցի: Առաջադրված երկրորդ թեկնածուն՝ անկուսակցական Սոս Մադոյանն ինքնաբացարկ է հայտնել:
Սարակապում էլ միայնակ ու առանց մրցակից է մնացել ԲՀԿ-ական գյուղապետը՝ Արծրուն Խաչատրյանը: Նա ինքնաառաջադրվել է: Առաջադրված մյուս թեկնածուն՝ անկուսակցական Արսեն Մակարյանն ինքնաբացարկ է հայտնել:
Նկատենք, որ ինչպես Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց Ձորում, Կոտայքում, այնպես էլ Շիրակում համայնքապետ դառնալու համար պայքարող թեկնածուներն հիմնականում կամ անկուսակցական են, կամ ՀՀԿ-ական: Այս մարզերում ԲՀԿ-ական երկու թեկնածու կա, ՀՅԴ-ական՝ մեկ: Մյուս կուսակցությունները թեկնածուներ չեն առաջադրել:
Մարտի 15-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 25-ին ու կշարունակվի մինչև մարտի 13-ը:
Մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Փետրվարի 18-ին լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը: Մինչև թեկնածուների գրանցումը առաջադրման փաստաթղթեր ներկայացրած 134 քաղաքացիներից 6-ը ներկայացրել էին դիմումներ` առաջադրման փաստաթղթերը հետ պահանջելու վերաբերյալ: Մնացած քաղաքացիների` որպես թեկնածու գրանցվելու դիմումները բավարարվել են, և որևէ գրանցում չի մերժվել:
Նախորդող հրապարակումներ՝
ՏԻՄ ընտրություններ. Գործող գյուղապետերը ցանկանում են վերընտրվել
ՏԻՄ ընտրություններ. Գեղարքունիքում և Արարատում էլ կին թեկնածուներ չկան
ՏԻՄ ընտրություններ. Արագածոտնում թեկնածուների մեծ մասն անկուսակցական են
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Մարտի 15-ին 33 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները