Մանաթի աննախադեպ արժեզրկումը տնտեսության անկման միայն սկիզբն է. տնտեսագետ
Այն, ինչ կատարվեց ադրբեջանական մանաթի հետ, բնավ անսպասելի չէր, և վերջին զարգացումները ադրբեջանական ֆինանսական համակարգի կազմալուծման միայն սկիզբը կարելի է համարել: Panorama.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսպես մեկնաբանեց Ադրբեջանում վերջին օրերին նկատվող մանաթի արժեզրկումը և ֆինանսական ցնցումները:
«Դեռևս 2014 թվականի հուլիսին մեր կողմից արված կանխատեսումներում մենք արձագանքել էինք, որ հետխորհրդային նավթարդյունահանող երկրներից առավել մեծ հարված կստանա Ռուսաստանը, որն անհրաժեշտ մակրոտնտեսական կարգավորման և արժութային քաղաքականության շնորհիվ հնարավոր է հասնի որոշ կայունացման, սակայն իրավիճակը շատ խոցելի կմնա 2015 թվականին»,-ընդգծեց Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետի համոզմամբ` Ռուսաստանից բացի, ցնցումներից չի խուսափի նաև Ղազախստանը, սակայն այս երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումները և նախապես մշակված սցենարները թույլ կտան մեղմել նավթի գների անկման հետևանքով առաջացած վնասները:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր կանխատեսմամբ` այս երկրում նկատվող վերջին զարգացումները, ներառյալ մանաթի աննախադեպ արժեզրկումը, կարելի է համարել տնտեսության անկման և ֆինանսական համակարգի կազմալուծման միայն սկիզբը: Բանն այն է, որ Ադրբեջանի տնտեսությունը բավարար դիվերսիֆիկացված չէ` դիմակայելու նավթի գների անկմանը: Երկրորդ` մեծ է բանկային համակարգի կախվածությունը փոխարժեքների տատանումից և նավթադոլարների շուկայից: Երրորդ` նավթադոլարների զգալի մասը պահվում են ոչ թե Ադրբեջանում, այլ արտերկրի առաջատար բանկերում, ինչն ավելի է թուլացնում մանաթի դիրքերը»,- նկատեց տնտեսագետը:
Մասնագետի խոսքով` տնտեսական ցնցումների մյուս պատճառներից է այն, որ Ադրբեջանում ոչ թե կրճատվում, այլ ավելանում է անվստահությունը սեփական արժույթի նկատմամբ: Մարդիկ զանգվածաբար հրաժարվում են իրենց ավանդներն ադրբեջանական բանկերում պահելուց, ինչն ավելի է ահագնացնում գործընթացը: Մեկ այլ պատճառ է այն, որ դոլարիզացիայի մակարդակն Ադրբեջանում շատ ավելին է, քան հետխորհրդային մյուս երկրներում, քանի որ արտաքին առևտրի եկամուտների գերակշիռ մասը ստացվում է դոլարներով, իսկ դոլարով ներքին ստվերային առևտրաշրջանառությունն ավելին է, քան Վրաստանում և Հայաստանում:
«Մեր տեղեկություններով` մոտակա օրերին մանաթի արժեզրկումը կարող է դառնալ անվերահսկելի` չնայած այդ երկրի կառավարության և կենտրոնական բանկի ջանքերին»,-եզրափակեց տնտեսագետը:
Թեմային առանչվող հրապարակում՝
Moody’s. Ադրբեջանի բանկային համակարգը վտանգի տակ է
Ադրբեջանական «կայուն մանաթի» միֆը փլուզվեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան