Մարկարով. Գուցե ինչ-որ խոստումներ ունի ԱՄՆ-ն Ադրբեջանին տրված
«Միացյան նահանգները ուզում են ցույց տալ, որ դա ոչ թե պատահական հայտարարություն է, որը կատրվել է տարածաշրջան այցելության ընթացքում, այլ դա այն դիրքորոշումն է, որ Պետդեպարտամենտը պաշտպանում է այս հարցի վերաբերյալ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` անդրադառնալով ԱՄՆ պետդեպի օգնական Վիկտորիա Նուլանդի հայտարարությանը և պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակիի նախօրեին արած պարզաբանման այդ հայտարարության կապակցությամբ:
Քաղաքագետի կարծիքով այդ հայտարարությունը նշանակում է. «գուցե Պետդեպարտամենտը կամ Միացյալ նահանգները ունեն ինչ-որ խոստումներ, որոնք տրվել են Ադրբեջանին: Բոլոր դեպքերում դա դիրքորոշում է, որը գուցե կարելի է հասկանալ, սակայն վստահ չեմ, որ կարելի է ընդունել»:
Դիտարկմանը, որ հայկական կողմից Ադրբեջանական տարածքում պատահականորեն հայտնված քաղաքացիները (օրինակ Մանվել Սարիբեկյան, Մամիկոն Խոջոյան, Արսեն Խոջոյան, Կարեն Պետրոսյան) որակվել են դիվերսանտներ ու ենթարկվել են բազմաթիվ խոշտանգումների, իսկ մարդասիրական դրսևորումների կոչեր չեն եղել, Մարկարովը նշեց, որ անիմաստ է դրա մասին խոսել:
«Ադրբեջանական կողմը ոչ միայն վերը նշած օրինակներով չի ցուցաբերել մարդասիրական որևէ դրսևորում, այլ նաև կան հայտնի դեպքեր: Օրինակ Ռամիլ Սաֆարովի դեպքը: Ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգել օրենքի ոգին և տառը, այլ հռչակել է ազգային հերոս: Տեսականորեն հաշվի առնելով այն տենդենցը որ կա Ադրբեջանում, կարելի է ենթադրել որ մոտավորապես նույն բախտին կարժանանան այս երկու տխրահռչակ դիվերսանտները և մարդասիրությունը այս դեպքում կլինի ուղղակի անտեղի»:
Երկրորդ նկատառումն, ըստ քաղաքագետի, այն է, որ հայտարարության հասցեատերը պետք է լինի ոչ թե Հայաստանը, այլ Լեռնային Ղարաբաղը, որն ամբողջությամբ իրականացրել է դատավարությունը դիվերսանտների նկատմամբ` հաշվի առնելով այն նորմերը, որոնք կան պետության մեջ:
Ինչ վերաբերում է Ջեն Փսակիի դիրքորոշմանը, ապա Մարկարովի կարծիքով` «դա հաստատում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ և անհրաժեշտ է իրականացնել գուցե բացատրական աշխատանքներ այս ոչ կոռեկտ դիրքորոշման վերաբերյալ»:
«Այսինքն ` կարելի է ներկայացնել պոտենցիալ հետևանքները, որ կունենա ուղղման քայլ հայկական կողմից, որը դժվար թե հրապուրիչ լինի այդ թվում նաև նույն Միացյալ Նահանգների համար, որ փորձում են դիմել մարդասրությանը, սակայն արդյունքը բացարձակապես մարդասիրական չի լինելու ադրբեջանական կողմից»,- նշեց քաղաքագետը: