Moody’s. Ադրբեջանի բանկային համակարգը վտանգի տակ է
Փետրվարի 23-ին տարածած հաղորդագրությամբ, Moody’s վարկանիշային գործակալությունը (Moody’s Investors Service) կասկածներ է հայտնել Ադրբեջանի բանկային համակարգի կայունության և բանկերի ներգրավված արժեթղթերի և ավանդների սպասարկման վերաբերյալ այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ` փետրվարի 21-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկը 34%-ով արժեզրկել էր ազգային արժույթը` մանաթը։
Ադրբեջանի Կենտրոնական բանկը մանաթ/ԱՄՆ դոլար փոխարժեքը նախկին 0.78 դիմաց բարձրացրել էր մինչեւ 1.05, արժեզրկելով ազգային արժույթը 34%-ով, ինչպես հայտնվել էր պաշտոնական հաղորդագրության մեջ` հանուն «միջազգային մրցունակության» ուժեղացման, մինչդեռ ըստ Bloomberg գործակալության հիմնական պատճառը նախորդ տարվա հունիս ամսվա համեմատ միջազգային շուկայում ադրբեջանական նավթի մոտ 45% գնանկումն է։
Շեշտակի արժեզրկումը, ըստ Moody’s վերլուծաբան Մարիա Մալյուկովայի, ճնշում է գործադրում բանկերի արժեթղթերի որակի վրա` թուլացնելով ներգրավված փոխառությունների դիմաց վարկային միջոցների մարումը և արժեզրկում է բանկերի ներգրավված արտարժութային պարտավորությունների չափերը։
«Արժույթի արժեզրկումը հաճախորդներին կստիպի մանաթով պահվող իրենց դրամական միջոցները փոխարկել արտարժույթի», - եզրահանգել է վերլուծաբանը։
Ավելի վաղ, մեկ այլ վարկանիշային կազմակերպություն` Standard & Poor’s-ը նվազեցրել էր Ադրբեջանի վարկանիշը մինչեւ BBB- բացասական կանխատեսումով, ակնկալելով նավթային եկամուտների շարունակական նվազում և մանաթի վրա ավելի մեծ ճնշումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան