ԵԽ հանձնակատար Մյուժնիեկսը միջամտում է ՄԻԵԴ-ում Ադրբեջանին վերաբերող գործերին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեկսն օգտագործում է իրեն վերապահված բացառիկ իրավունքը և միջամտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանին վերաբերող գործերին. նա այսօր արդեն հրապարակել է «Հիլալ Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով գրավոր դիտարկումները: Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի հաղորդագրության մեջ։
Հանձնակատարն ընդգծում է խոսքի ազատության ոլորտում համակարգային թերությունները՝ ներառյալ քննադատական ձայների դատական հետաապնդումները, միջազգային կազմակերպությունների հետ աշխատող անձանց նկատմամբ, ովքեր բացահայտում են երկրում մարդու իրավունքների խախտումները, վրեժխնդության միջոցների կիրառումը։
Հանձնակատարը նշում է, որ Հիլալ Մամմադովի գործը, ում հանդիպել է 2012 և 2013թթ․-ներին մեկուսարանում, խորհրդանշում է այն հաշվեհարդարները, որոնց ենթարկվում են Ադրբեջանում լրագրողները, բլոգերները և իրավապաշտպանները՝ իրենց աշխատանքի պատճառով։
Նրանք հաճախ հալածվում են չհիմնավորված և ընտրովի քրեական հետապնդման մեղադրանքներով։
Մյուժնիեկսն ընդգծում է, որ վաղուց արդեն ժամանակն է, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները և վերականգնի այն մթնոլորտը, որում անհամաձայնությունը կարող է արտահայտվել՝ առանց հալածվելու վախի։
Երրորդ կողմի միջամտությունը հանձնակատարի համար լրացուցիչ գործիք է՝ օգնել խթանելու և պաշտպանելու մարդու իրավունքները։ Հանձնակատարի միջամտությունը ՄԻԵԴ գործին նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։
Այս դիտարկումները չեն ներառում գործի էության և փաստերի որևէ մեկնաբանություն, այլ դատարանին ներկայացվում է հանձնակատարին հուզող հարցերի վերաբերյալ օբյեկտիվ և անկողմնակալ տեղեկատվություն։
ՄԻԵԴ գործին այս միջամտությունն առաջինն է այն 5-ից, որ հանձնակատարը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ։ Հաջորդ միջամտությունները կվերաբերեն Ինթիգամ Ալիևին, Ռասուլ Ջաֆարովին, Անար Մամմադլիին և Լելյա ու Արիֆ Յունուսներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան