ԵԽԽՎ նախագահ. Խորապես մտահոգված եմ Ադրբեջանում մարդու իրավունքների դրությամբ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահաժողովի նախագահ Անն Բրասյորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների վիճակի վատթարացման հետ կապված: Բրայսորը այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Խորապես մտահոգված եմ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումներով, կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին երաշխիքներ ներկայացնել առ այն, որ հարգում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտները»,-գրել է ԵԽԽՎ նախագահը:
Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վատթարագույն իրավիճակը շարունակում է մնալ բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Նախօրեին Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch, International Partenrship for Human Rights և Front Line Defenders կազմակերպությունները Եվրամիության մարդու իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստավրոս Լամբիրիդիսից պահանջել Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել այդ երկրում քաղբանտարկյալների հարցը:
Իրավապաշտպան կազմակերպությունները հիշեցրել էին, որ Ալիևի ռեժիմը տարիներ շարունակ լռեցնում է քննադատող ձայները, ճնշումներ է գործադրում ակտիվիստների, բլոգերների և լրագրողների նկատմամբ: Ընդհանուր առմամբ, ըստ հայտարարության, վերջին մեկ տարում Ադրբեջանում քաղաքական նկատառումներից ելնելով շինծու մեղադրանքներ են ներկայացվել ավելի քան 30 ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ, որոնց արդյունքում վերջիններս հայտնվել են բանտում: