Մեծ պահք. «Այս օրերին եկեք ձերբազատվենք մեր կյանքը բեռնավորած կուռքերից»
Մեծ պահքի 9-րդ օրն է:
«Առակաց գրքի աստվածաբուխ պատգամներով շարունակվում է մեր խորհրդածությունն արդարության և իրավունքի մասին: Այսօրվա ընթերցումն ասում է. «Տերն է տալիս իմաստությունը, և նրանից են բխում գիտությունն ու հանճարը. նա է արդարների համար փրկություն վերապահում և հովանի լինում նրանց ընթացքին, նա է պահպանում արդարների ճանապարհը և հաստատ դարձնում իրենից երկյուղ կրողների ուղին: Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը և բոլոր շավիղներդ կուղղես դեպի բարին: ...Եվ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ, գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպեսզի փրկություն գտնես չար ճանապարհից...» (Առ. 2.6-12):
Ս. Գիրքն անդադար հուշում է մեզ, թե որտեղ են սկիզբ առնում ճշմարիտ գիտությունը, արդարությունն ու իրավունքը: Ցավոք, այսօր, երբ դիտում ենք մեր աշխարհը, հասկանում ենք, որ իրավունքը, որ ժամանակին աստվածադիր էր, այսօր կորցրել է աստվածայինը, հաճախ միջոց է դառնում ոտնակոխ անելու դիմացինին, իսկ արդարությունը դարձել է մարդակենտրոն` բավարարելով միմիայն որոշակի շահերի: Աստվածայինն այդպիսի մարդածին կեղծ արժեքներով փոխարինած մարդը, թվում է, թե մոռացել է Աստծու ուխտը և ինչպես Առակաց գիրքն է ասում, «իրենց տունը դրել են մահվան մոտիկ»:
Երեմիա մարգարեն, իր հերթին, փոխանցում է մեզ Բարձրյալի խոսքը. «Ես դատ ու դատաստանով եմ խոսելու նրանց հետ` իրենց գործած բոլոր չարիքների համար, քանզի նրանք լքեցին ինձ և …երկրպագեցին իրենց ձեռակերտ կուռքերին» (Եր. 1.16): Հիրավի, յուրաքանչյուրիս և մեր հասարակության կյանքում գերիշխում են ձեռակերտ կուռքերը` կեղծ գաղափարներն ու «արժեքները» և ունայն նյութականը, որոնց ծնում, շահագործում, պանծացնում ենք և պարտադրում ուրիշներին` երկրպագելու: Սակայն դա չէ Աստծու կամքը, և չպիտի ուշանա Նրա պատիժն այդ չարիքների համար, եթե մարդը չանդրադառնա, չզղջա ու իր հայացքը վերստին չդարձնի դեպի իր Արարիչը` ճշմարիտ գիտությունը, իրավունքն ու արդարությունը:
Պահքի այս օրերին եկեք ձերբազատվենք մեր կյանքը բեռնավորած այդ կուռքերից և պարզապես փորձենք հասկանալ, թե ինչպե´ս պետք է գտնենք մեր փրկությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ`
Մեծ պահք. «Ապրենք Տիրոջ երկյուղով, ինչը, հիրավի, կիմաստացնի մեզ»
Մեծ պահք. «Անգամ խաղաղության մեր պայմաններում մատնվում, տանջվում և հալածվում է յուրաքանչյուր քրիստոնյա»
Մեծ պահք. Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ
Մեծ պահք. Պողոս առաքյալի կարևոր պատգամներն են
Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում