Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է Թուրքիայի կողմից Սիրիայի վրա իրականացրած հարձակմանը
«Իրանը մշտապես կկանգնի Իրաքի իշխանությունների կողքին»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը այսօր Իրաք կատարած այցի ընթացքում իրաքցի իր գործընկերոջ Էբրահիմ Ջաաֆարիի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Ահաբեկչության դեմ պայքարում Իրանն առաջին երկիրն էր, որ կանգնեց Իրաքի իր քույրերի և եղբայրների կողքին: Մենք համոզված ենք, որ Իրաքի անվտանգության դեմ գործող խմբավորումների դեմ պայքարում ամեն ինչից վեր պետք է իրաքյան շարժում լինի, և բոլորը պետք է գործեն ի շահ Իրաքի կառավարության և ժողովրդի:
Իրաքի կառավարությունը պետք է իր ուժերը կենտրոնացնի այդ ուղղությամբ և այդ հարցում Իրանը մշտապես կկանգնի Իրաքի իշխանությունների կողքին»:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը թուրքական զինվորական ստորաբաժանումները Քոբանի քաղաքի մոտակայքում հատել էին թուրք–սիրիական սահմանը և շուրջ 100 միավոր ծանր ռազմական տեխնիկայից բաղկացած շարասյունով մուտք գործել սիրիական տարածք։
Իրանի արտգործնախարարը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի վրա իրականացրած հարձակմանը, մասնավորապես նշել է. «Մեր կարծիքով ուժի կիրառումից հրաժարվելը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է և դրանց չհետևելը չի կարող տարածաշրջանում հանգեցնել անվտանգության»: