Ադիբեկյան. Աղդամյան դեպքերում Ադրբեջանը փնտրում է ինդուլգենցիա` հայերի դեմ հետագա գազանություններ իրականացնելու
«Լուսանկարների կեղծարարությունները կարելի է համարել «այսբերգի գագաթը»: Կեղծվում է բառիս բուն իմաստով ամենը, ինչ կապված է «խոջալու» հասկացության հետ` սկսած նկարներից ու ցուցակներից, ավարտած ականատեսների վկայություններով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Այլատիացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ի ղեկավար, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը` խոսելով ադրբեջանական կեղծարարությունների մասին:
Ինչի՞ վրա է հիմնված հայկական կողմի փաստարկված դիրքորոշումը, ինչո՞ւ է ադրբեջանական կողմը պարբերաբար սպառնում դիմել միջազգային դատարան` «խոջալուի ցեղասպանություն» ձևակերպմամբ և այլ հարցերի շուրջ սոցիոլոգի հետ հարցազրույցը` ստորև:
-Ադրբեջանում ամեն տարի փետրվար ամսվա ավարտը նախանշվում է «Խոջալուի դեպքեր» անվանված 1992 թվականի Աղդամյան դեպքերի լայնամասշտաբ քարոզչությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ աշավը:
- Ես չեմ ցանկանա կրկին ու կրկին անդրադառնալ նրան, թե ինչ կատարվեց այդ ժամանակ: Կուզենայի խոսել այն մասին, թե ինչ է կատարվում այսօր: Հայկական կողմի փաստարկները ներկայացված են «Սովի ու կրակի միջև» ֆիլմում: Ցանկության դեպքում կարելի է կազմակերպել ոչ թե զգացմուքների, քմահաճույքների ու ցանկությունների, այլ փաստերի վրա հիմնված առարկայական ու ռացիոնալ քննարկում: Սակայն դա ինչպես չի եղել, այնպես էլ չի լինելու: Ադրբեջանական կողմն իր առջև առաջնային խնդիր է դրել` էմոցոնիալ հարթության ակտիվ ու անվերահսկելի սնում, և ադրբեջանցիներն անում են այդ, ինչպես կարող են: Հայկական կողմը բազմիցս է քննարկումների կոչեր արել:
-Ինչի՞ վրա է հիմնված հայկական կողմի փաստարկված դիրքորոշումը:
-Մենք կիրառում ենք բացառապես ադրբեջանական աղբյուրներ և այդ տարիների ժամանակագրություններ, համեմատում ենք միայն դրանք միմյանց հետ, այլ ոչ թե «հայկական տարբերակի» հետ: Մեր փաստարկներն այդ թվում հիմնված են ադրբեջանական քարոզչության հակասությունների վրա: Չէ՞ որ իրողությունն ասողը կարիք չունի ստելու, վկայություններ ու տարբերակներ փոխելու:
Լուսանկարների կեղծարարությունները կարելի է համարել «այսբերգի գագաթը»: Կեղծվում է բառիս բուն իմաստով ամեն ինչ, որ կապված է «խոջալու» հասկացության հետ` սկսած նկարներից ու ցուցակներից, ավարտած ականատեսների վկայություններով: Այս փուլում նրանք անցել են հետադարձ իմաստավորման ու փաստերի մատուցման նոր ձևաչափի: Օրինակ` «գերի ընկած» Գյուլալի Բինալիևը հարցազրույցում պատմում է «գերության սարսափների» մասին, երբ նրան տանջել է ինքը` Ռոբերտ Քոչարյանը:
Սակայն կամ նա, կամ լրագրողները մոռացել են այն մասին, որ դեռևս 1992 թվականի փետրվարին այդ «գերին» հարցազրույց է տվել ու ժամանակագրության կադրերում կտտանքներից տանջահարված մարդու տպավորություն չի թողնում: Ի դեպ, հարցազրույցից մեկ օր անց այդ մարդկանց խումբը հանձնվել է ադրբեջանական կողմին: Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չի մասնակցել հարցաքննություններին, այլև առհասարակ չկա ժամանակագրության մեջ:
«Երբ մարեց արևը» ֆիլմում մեկ այլ «վկա» ցուցմունք է տալիս, սակայն չի հիշում անգամ իր ամուսնու անունը` նրան կոչելով Ահմեդով Էլմար Նայիբ օղլու, այդ անուն-ազգանունով անձը, իրականում, ըստ մահացածների պաշտոնական ցուցակի, 1992 թվականի փետրվարի 26-ի դրությամբ ընդամենը 6 տարեկան էր: Մյուս ականատեսը` Պանախ Մահերամովը, պատմում է, թե իբր կտրել են իր ականջը, մինչդեռ լրագրողական հետաքննությանը կից ներկայացված լուսանկարներում նա երկու ականջ ունի: Բացի այդ, լուսանկարներում հստակ երևում է, որ դրանք իր ականջներն են, այլ ոչ թե պրոթեզ:
Իսկ ինչ կարելի է սպասել հասարակ մահկանացուներից, եթե «կոմպետենտ» անձինք, ինչպիսին է օրինակ Ռամիզ Ֆաթալիևը (Ադրբեջանի Միլլի մեջլիսի` խոջալուի ողբերգության գծով հանձնաժողովի նախագահ), պատմելու փոխարեն, թե ինչ գիտի ու ինչ արդյունքներ տվեց հետաքննությունը, 23 տարի անց իր փաստագրական հիմքը կառուցում է «Զորի Բալայանի խոստովանությունների» վրա: Կամ էլ Ֆեյսբուքի միջոցով «հեղինակավոր խոսք» են ասում` հայտարարելով, թե «սպանվածները 710 հոգի են եղել` նախկին չփաստարկված 613-ի փոխարեն», իսկ «սպանված երեխաների թիվը` 100-ից ավել»: Ես փորձել եմ կապ հաստատել Ֆաթալիևի հետ նույն Ֆեյսբուքի միջոցով, որպեսզի հստակեցումներ ստանամ, սակայն պատասխանի չեմ արժանացել: Ի դեպ, «կոմպետենտ» մարդկանցից հստակ դրված, այս կամ այն պնդմանը վերաբերող հարցին պատասխան ստանալու ցանկացած փորձ բախվում է գերեզմանային լռությանը:
-Ցանկալի կլիներ առանձին անդրադառնալ սպանվածների ցուցակի կեղծարարություններին:
-Խոջալուի սպանվածների ցուցակների կեղծումները հանգամանորեն ուսումնասիրվել են դեռևս 2012 թվականին: Այս պարագայում կարևոր է նշել մի քանի նշանակալից պահ. գոյություն ունեն 3, պաշտոնական, միմյանցից տարբերվող ցուցակի տարբերակներ, և դրանցից ոչ մեկում 613 անուն չկա ընդգրկված: Առկա ցուցակներում ներառված են 630, 601 ու 508 անուններ: Սպանվածներից ավելի քան 70 տոկոսը 18-60 տարեկան տղամարդիկ են, որոնց մի մասը Խոջալուի հետ ոչ մի առնչություն չունի, քանի որ այլ վայրում ու այլ ժամանակահատվածում է մահացել:
-Այնուհանդերձ, ադրբեջանական կողմը պարբերաբար սպառնում է դիմել միջազգային դատարան` «խոջալուի ցեղասպանություն» ձևակերպմամբ:
-Ինչպես արդեն ավելի վաղ նշել եմ, նման մոտեցմամբ ու «փաստագրական» նյութի հավաքագրմամբ նրանք դատարանում ներկայացնելու ոչ մի բան չունեն, ուստի միջազգային դատարանի մասին լուրերը դատարկ խոսակցություններ են ու սպառնալիքներ` ուղղված անիրազեկ օգտատերին: Ամեն դեպքում, եթե նրանք պատրաստվում են գնալ դատարան նրանով, ինչ ունեն, ապա ես սիրով կմասնակցեմ դրան: Ինչ վերաբերում է այս իրադարձությունները «ցեղասպանություն» որակելուն, ինչն ինքնին ենթադրում է «էթնիկ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացում», այս պարագայում էլ բազում բաց տեղեր կան: 1992 թվականի դրությամբ Ադրբեջանի բնակչությունը կազմում էր 7 324 100 մարդ: Ադրբեջանական կողմը պետք է շատ ջանա ապացուցելու համար, որ երեք հարյուր մարդու մահը` ըստ Human right watch միջազգային կազմակերպության, անգամ վեց հարյուրի` համաձայն իրենց թվերի, սպառնալիք է ստեղծել 7 մլն-անոց էթնիկ խմբի գոյության համար: Այս պարագայում, կարծում եմ, ավելորդ է խոսել այն մասին, որ հիմնականում մահացել են այլ էթնիկ խմբի ներկայացուցիչներ` թուրք-մեսխեթցիներ, որոնց մտածված կերպով ուղարկում էին մարտական գործողությունների կիզակետեր:
Նրանք փնտրում են ոչ թե արդարություն, այլ «հաղթանակ»` իրենց ընկալմամբ, որը ժամանակի ընթացքում բարոյական արդարացում կտա իրենց արտաքին աշխարհի աչքերում հայերի նկատմամբ դաժանության ու կոտորածի գործողությունների համար: Կամ էլ արդեն տալիս է, եթե դատենք Ադրբեջանի առաջին դեմքերի արտահայտություններից, որոնց իմաստը պարզ է. «մենք վրեժ կլուծենք», «Հայաստանը պետք է դադարեցնի իր գոյությունը», «կվերադառնանք, կավերենք ու կկառուցենք մերը»:
Մասնավորապես, 2015 թվականի հիմնական քարոզչական արտադրանքը` «Խոջալու. Հայաստանի դատաստան», հենց այդ մասին է վկայում: Մարդիկ, ում պետք է ճշմարտություն և արդարություն, գիրքը կանվանեին «Մեղավորների դատաստանը»: Սակայն հայերն ու Հայաստանը արդեն նշանակվել են մեղավորի դերում` առանց դատի ու հետաքննության: Նրանց պետք է ոչ թե ճշմարտությունը, այլ ինդուլգենցիան: