Ավետիսյանների հարազատները չեն դիմել ռուսական կողմին` իրավահաջորդ ներգրավելու պահանջով. փաստաբան
Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները պահանջում են գործի արագ, արդյունավետ քննություն, նրանք տեղեկատվության կարիք ունեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ, Լուսինե Ավետիսյանների, Եգոր Ադամյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Տուժողի իրավահաջորդները որոշակի առումով ցանկանում են մեր իրավական համակարգի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ խիստ տեղեկատվության կարիք ունեն: Հասկանալի է, որ քննչական մարմինը տրամադրում է օրենքով սահմանված ողջ տեղեկատվությունը, սակայն Ավետիսյանների հարազատներն ավելի շատ տեղեկատվության են ակնկալում: Նրանք ակնկալում են, որ գործի շրջանակներում ընթացող փորձաքննություններն արագ կատարվեն: Նրանց պահանջն է՝ արագ քննություն ընթանա, բացահայտել հանցագործությունը»,- ասաց փաստաբանը՝ միաժամանակ հավելելով, որ իրենք որևէ հիմք չունեն հայտարարելու, որ գործի քննությունը կանխամտածված են դանդաղ տանում:
Ե. Սարգսյանի խոսքով, իրենք տեղեկատվություն ստանալու համար դիմում են հայկական կողմին ու առանց որևէ խոչընդոտի օրենքով սահմանված կարգով, օրենքով նախատեսված տեղեկատվությունն իրենք ստանում են:
«Իրավահաջորդների, հարազատների հետ երկար քննարկել ենք և եկել եզրահանգման, որ պետք չի այս պահին դիմել ռուսական կողմին՝ իրավահաջորդ ներգրավելու համար: Եթե դիմենք, կներգրավվեն: Բայց, կոպիտ ասած, որոշակի առումով կդիտվի որ ռուսական կողմի գործողություններն օրինականացում ենք, իսկ մենք պահանջում ենք, որ նրան հանձնեն հայկական կողմին»,- ասաց Ե. Սարգսյանը՝ հավելելով, որ ռուսական կողմից իրենք մեծ ծավալի տեղեկատվություն չեն էլ կարող ստանալ:
Ավետիսյանների դուստր Լուսինե Ավետիսյանն ասաց, որ իրենց համար այսօր ամենակարևորը շատ տեղեկատվություն ստանալն է. «Արագացրեք քննությունը, շատ տեղեկատվություն փոխանցեք մեզ գործի ընթացքի մասին: Եթե չեք ուզում հրապարակային ասեք, կանչեք ինձ, ոչ մեկին չեմ ասի: Անհանգիստ վիճակում եմ: Ես դժգոհ չեմ քննության ընթացքից, ուղղակի պահանջում եմ, որ ավելի արագ բացահայտվի այս ամենը»:
Ինչ վերաբերում է փաստաբան Երեմ Սարգսյանից իրավահաջորդների դժգոհություններին, որի մասին Ավետիսյանների հարազատներից ոմանք բարձրաձայնել էին օրեր առաջ Շիրակի դատախազությունում, Լ. Ավետիսյանը, ասուլիսին ներկա մյուս իրավահաջորդներն ասացին, որ կոնկրետ իրենք որևէ դժգոհություն չունեն:
Եգոր Ադամյանն էլ ասաց, որ իրենք ցանկանում են շարունակել աշխատել Երեմ Սարգսյանի հետ. «Անվստահության որևէ խնդիր չունենք: Պատրաստ ենք աշխատել Երեմ Սարգսյանի հետ: Բայց մենք պատրաստ ենք համագործակցել այլ փաստաբանների հետ, ովքեր ցանկանան ներգրավվել այս գործում»:
Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ այսօր կան որոշակի շրջանակներ, ովքեր որոշակի առումով շեղում են բուն գործի քննության հանգամանքներից՝ ներքաշելով իրավահաջորդներին. «Մեր բուն նպատակն է, որ ամեն կերպ աջակցենք քննությանը, սակայն պարբերաբար այլ անձանց կողմից, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, փորձ է արվում այս պրոցեսին խանգարել, թե ինչ նպատակով, չեմ կարող ասել: Ի սկզբանե եղել են կողմեր, ովքեր հարազատներին համոզել են հրաժարվել իմ ծառայություններից և իրենց ընտրել»:
Նա նաև հայտարարեց, որ ինքն ի սկզբանե իրավահաջորդների հետ քննարկել է այլ փաստաբանների ներգրավելու հարցը. «Ես դրական եմ վերաբերել: Վերջին հանդիպման ժամանակ քննարկեցինք փաստաբանական խումբ ձևավորելու հարցը: Մենք հայտարարությամբ հանդես կգանք՝ ցանկացած փաստաբան, ով ցանկանա անվճար հիմունքներով ներկայացնել տուժողների շահերը, կարող է կապվել իրավահաջորդների հետ, նրանց հետ հանդիպումից հետո ներգրավվել գործի քննությանը: Մենք կողմ ենք ցանկացած անձի ներգրավմանը, ով ինչ-որ կերպով կարող է նպաստել գործին»:
Գյումրի քաղաքում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Դեպքից հետո Գյումրիում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, պահանջը մեկն էր՝ Պերմյկովին հանձնել հայ իրավապահներին, նրա դատավարությունն ընթանա Հայաստանում՝ հայաստանյան օրենքներին համապատասխան: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Պատասխան դեռևս չկա:
Նախորդող հրապարակումներ՝
Ավետիսյանների հարազատնները փաստաբանների նոր խումբ են ուզում
Ավետիսյանների հարազատները պատասխան չստանալու դեպքում ուրբաթ օրը ցույց կանեն
Գյումրիի ողբերգությունից 40 օր անց. «Ռուսական կողմը պատրաստ չէ հանձնել Պերմյակովին»
Երեմ Սարգսյանը կծանոթանա դաժան սպանության վայրին, կտեսնի դեպի ռուսական զորամաս երթուղին
Բոլոր հարցերին չեմ պատասխանել, քանի որ գոյություն ունի նախաքննության գաղտնիություն». Գևորգ Կոստանյան
«Իրավունք ունե՞ն ռուսական ռազմաբազայի զինծառայողները զինված օպերատիվ գործողություններ իրականացնել ՀՀ տարածքում». Նիկոլ Փաշինյան
«Արտաքին գործերի նախարարը չկա, ԱԱԾ-ն չի արձագանքում». Ալեքսանդր Արզումանյան
«Սահմանը հատելու մասով քրեական գործ չի հարուցվել». Զարուհի Փոստանջյան
«Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում». Նաիրա Զոհրաբյան
Որևէ սահմանախախտ նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեր. Խոսրով Հարությունյան
«Տղամարդավարի ասում եմ՝ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին». Գևորգ Կոստանյան
«Ես էլ երեխեք ունեմ, հասկանում եմ դա ինչ է նշանում». Գլխավոր դատախազը՝ գյումրեցիներին
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
Գյումրեցիները պահանջում են՝ «դուրս արի»
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում