Ա. Չիլինգարովը խոստացել է Գյումրու սպանության գործի ավելի հրապարակային նախաքննության հարցը բարձրացնել ռուսական կողմի մոտ
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, Խորհրդային Միության հերոս, գիտնական Արթուր Չիլինգարովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում եղել են նաև ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Քաղաքապետը նախ ողջունել է հայազգի մեծանուն գիտնականին՝ բարձր գնահատելով Արթուր Չիլինգարովի անուրանալի ներդրումը ինչպես գիտության, այնպես էլ քաղաքականության մեջ: Քաղաքապետը նաև կարևորել է մեծ գիտնականի դերը հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ամրապնդման հարցում:
Արթուր Չիլինգարովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար՝ միաժամանակ նշելով, որ Գյումրի է եկել՝ ցավակցելու հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության հետևանքով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան կապակցությամբ: Վերջինս նաև հետաքրքրվել է դեպքից հետո քաղաքում տիրող իրավիճակից, ինչին ի պատասխան քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ այս պահին առկա է գործի նախաքննության հետ կապված տեղեկատվության բացակայություն, ինչը ստեղծում է լարված իրավիճակ: Արթուր Չիլինգարովը խոստացել է ավելի հրապարակային նախաքննության հարցը բարձրացնել ռուսական կողմի մոտ: