Վրաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագները հնարավոր է բարձրանան. Վրաստանի էներգետիկայի նախարար
Վրաստանի Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը (GNERC) վերանայում է էլեկտրաէներգիայի և գազի սակագները` կապված ազգային արժույթի փոխարժեքի փոփոխման հետ: Այս մասին NewsGeorgia-ի փոխանցմամբ այսօր հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարԿախա Քալաձեն «Ռուսթավի 2»-ի եթերում:
Ինչպես նշվել է` սակագների բարձրացումը կապված է դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի նշանակալի փոփոխության հետ: Նշենք, որ Վրաստանի Ազգային բանկը լարիի փոխարժեքային կուրսը դոլարի նկատմամբ փետրվարի 25-ին սահմանել է 2.2619 GEL/$1:
«GNERC-ն աշխատում է գազի և էլեկտրաէներգիյի սակագնի վերանայման վրա: Դեռևս հստակ ասել չեմ կարող: Եթե բարձրացումն անխուսափելի լինի, ապա մենք այդ մասին կհայտնենք», - ասել է Քալաձեն:
Նախարարը նաև նշել է, որ լարիի փոխարժեքի անկումը խնդիրներ է ստեղծել Վրաստանում բնական գազի մատակարարի համար:
«Ինչպես գիտեք` սպառվող բնական գազի 100%-ը մեր երկիրը ներմուծում է, և փոխարժեքի փոփոխության հետևանքով մատակարարներն արդեն իսկ բախվել են որոշ խնդիրների», - ընդգծել է Քալաձեն:
Պարբերականի փոխանցմամբ` 2015թ-ի մարտի 1-ից բնական գազի սակագինը իրավաբանական անձանց համար թանկանալու է և 1000 խմ գազի դիմաց 750 լարիի փոխարեն դառնալու է 900 լարի: