Մեծ պահք. «Մենք` իբրև «ազգ և ժողովուրդ» հասկացությունը մարմնավորող անհատներ, պիտի սթափվենք»
Մեծ պահքի 10-րդ օրն է:
«Այսօրվա սուրբգրային ընթերցումներում Միքիայի մարգարեության մեջ կարդում ենք. «Թող բոլոր ժողովուրդներից յուրաքանչյուրն իր ճանապարհով գնա, սակայն մենք կգնանք մեր Տեր Աստծու անվամբ մշտապես» (Մք. 4.5): Այն ինքնին պատգամ և մաղթանք է` ուղղված յուրաքանչյուր ժողովրդի` իբրև հավաքականություն: Մեր օրերում շատ է քննարկվում, թե հայերս, իբրև ազգ և ժողովուրդ, ի´նչ արժեհամակարգի կրողն ենք, ո´րն է մեր ինքնությունը: Ժամանակակից հասարակության մեջ ոմանք աթեիստ են, կան երդվյալ հեթանոսներ, ոմանք արհեստականորեն ջանում են նեոհեթանոսության մորթ ձևել, ոմանք արիական հովերով են առաջնորդվում, ոմանք հոգու սինկրետիկ խճանկար են վերագրում մեզ, ուրիշներ էլ` փորձում ներկայիս բոլոր արժեհամակարգերին պատշաճեցնել հարմարվողականությունը կամ էլ մարդու ազատությունների ու իրավունքների անվան ներքո դավանել ամեն ինչ կամ ոչինչ:
Սակայն ինչպե՞ս կարող ենք մեկ կողմ դնել Բարձրյալ Աստծու անվանակիր լինելու մեր հանգամանքը: Նրա ողորմությամբ ենք կանչված դարեր առաջ: Չէ՞ որ քրիստոսակիր ենք, մեզ քրիստոնյա ենք կոչում և հաճախ տեղի-անտեղի` յաչս այլոց, շարունակում ենք հպարտանալ դրանով` առանց անդրադառնալու այդ կոչման էությանը: Քրիստոնեությունը միայն հավատի և արժեհամակարգի անուն չէ, որը պարզապես կարելի է կրել, այն արտաքին կաղապար չէ, որով զգեստավորվենք և վերջ: Այն կենդանի ու ապրող իրողություն է Աստված-մարդ, Աստված-ազգ հարաբերության մեջ: Միայն անվանակիր լինելը բավարար չէ. քրիստոնեական կյանքն ենթադրում է մշտական ճիգ վերափոխման համար, ձգտում կատարելության, մղում ինքնազննման ու մաքրման: Մեր հավատը տերունապատվեր հոգևոր արժեքների իրագործումն է, ինչը մեր նախնիները լավագույնս ընկալել ու գործադրում էին: Իսկ այսօրվա հասարակությունը նրանց հոգու սխրանքը հաճախ անհարկի վիճարկում է:
Մենք` իբրև «ազգ և ժողովուրդ» հասկացությունը մարմնավորող անհատներ, պիտի սթափվենք և անդրադառնանք, որ ճշմարիտ հոգևոր կյանքն է առաջընթաց ապահովում, դադարենք անպտուղ այլախոհությամբ ու այլադավանությամբ բզկտել օրեցօր թուլացող հասարակությունը միմյանց շաղկապող ընդհանրական կապերը: Պետք է իրապես ապրել ու ապրեցնել մեր հավատը, իսկապես իբրև դրոշմ կրել Քրիստոսին մեր մտապատկերում, մեր հոգում և գործերում: Այդ ժամանակ է, որ մեր կյանքում կզգանք Աստծուն հավատարիմ ժողովուրդ լինելու և մնալու բարիքը: Դարերի մաքառումն ու հավատարմությունը պտղաբերեց ազգի գոյության պահպանմամբ ու ազատ պետականությամբ, դժվար է ասել, թե ինչ կլինի այսուհետ…
Ուստի, մարգարեի խոսքի համաձայն, թողնենք յուրաքանչյուրն իր ճանապարհով գնա, իսկ մենք մեր անձնական ու հավաքական պատասխանատվությամբ ՄՇՏԱՊԵՍ ընթանանք մեր Աստծու անվամբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նախորդող հրապարակումներ`
Մեծ պահք. «Այս օրերին եկեք ձերբազատվենք մեր կյանքը բեռնավորած կուռքերից»
Մեծ պահք. «Ապրենք Տիրոջ երկյուղով, ինչը, հիրավի, կիմաստացնի մեզ»
Մեծ պահք. «Անգամ խաղաղության մեր պայմաններում մատնվում, տանջվում և հալածվում է յուրաքանչյուր քրիստոնյա»
Մեծ պահք. Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ
Մեծ պահք. Պողոս առաքյալի կարևոր պատգամներն են
Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում