Շարմազանով. 2015 թվականից սկսվում է ցեղասպանությունների դատապարտման նոր փուլ
Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում եզդիական համայնքի անդամներ Համլետ Սմոյանին, Բորիս Թամոյանին, Ռուստամ Բաքոյանին, Սաշիկ Սուլթանյանին և Մամե Ամիրյանին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանդիպման առանցքում եղել է տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ հարցը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկ անգամ ևս դատապարտել է Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ամիսներ առաջ իրականացված զանգվածային բռնությունները, նկատելով, որ այդ մասին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել և տեղի ունեցած բռնությունները դատապարտել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Եզդիական համայնքի անդամներն իրենց հերթին բարձր են գնահատել երկրի Նախագահի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:
Քննարկման ընթացքում համաձայնություն է կայացվել ՀՀ Ազգային ժողովում առաջիկայում կազմակերպել լուսանկարների ցուցադրությունը, որը կներկայացնի Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները: Բացի այդ՝ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի եզդիների նկատմամբ տարբեր ժամանակներում իրականացված բռնությունների և պատմական փաստերի ուսումնասիրությամբ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 2015 թվականից սկսվում է ցեղասպանությունների դատապարտման նոր փուլ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում