Շահ Սուլեյմանի դամբարանի օպերացիան` թուրք ծաղրանկարչի աչքերով
Թուրք հայտնի ծաղրանկարիչ Մուսա Քարթն անդրադարձել է թուրքական զինուժի իրականացրած Շահ Սուլեյմանի դամբարանի տեղափոխման և պատվո պահակախմբի անձնակազմի տարհանման հատուկ օպերացիային:
Ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի կայքում հրապարակված 2 ծաղրանկարներում թեմայի հերոսներ են ընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Առաջին ծաղրանկարում Շահ Սուլեյմանի մասունքները կրող պատգարակն ամեն մեկը քաշում է իր կողմ: Էրդողանը հայտարարում է, թե ինքն է իրականցրել օպերացիան: Իսկ Դավութօղլուն հակառակվում է` ասելով. «Ոչ, ես եմ իրականացրել»:
Երկրորդ ծաղրանկարում Դավութօղլուն հրճվանքով հայտնում է, թե Շահ Սուլեյմանի անվտանգությունն արդեն ապահովված է: Դի տեղափոխող մեքենայի ղեկին նստած Դավութօղլուն նշում է, որ այսուհետև նախընտրական քարոզարշավների ժամանակ շրջելու է Շահ Սուլեյմանի հետ միասին:
Հիշեցնենք, որ թուրքական բանակի ստորաբաժանումները Սիրիայի տարածքում փետրվարի 22-23-ին իրականացրել էին «Շահ Ֆըրաթ» անվամբ անդրսահմանային հատուկ գործողություն` կազմակերպելով Շահ Սուլեյմանի դամբարանի տեղափոխությունը: Շահ Սուլեյմանը համարվում է Օսմանյան կայսրության հիմնադիրը: Նա խեղդվել է Եփրատ գետում և թաղվել գետի մոտակայքում: Նրա շիրիմը թուրքերի համար սրբավայր է համարվում: Ու թեև այժմ Շահ Սուլեյմանի դամբարանը գտնվում է Սիրիայի տարածքում, բայց 1912-ին կնքված պայմանագրով Թուրքիային իրավունք է տրված դամբարանի վրա տեղադրել է դրոշ և պատվո պահակախումբ կարգել: