Մեհմեթ Բեքարօղլու. «Թուրքիան գլորվում է հին ու արգելակներ չունեցող բեռնատարով, որի ղեկին Էրդողանն է»
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) փոխնախագահ Մեհմեթ Բեքարօղլուն հայտարարել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ - AKP) կորցնում է իր հզորություն և եթե այսպես շարունակվի, ներկուսակցական բախումներն անխուսափելի կլինեն: Ըստ թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվակայքի` ընդդիմադիր գործիչն ասել է. «Թուրքիան զառիվայր գլորվում է հին ու արգելակներ չունեցող բեռնատարով, որի ղեկին Էրդողանն է նստած: Մենք բոլորս պետք է ինչ-որ բան ձեռնարկենք»:
ԺՀԿ փոխնախագահը նշել է, որ Էրդողանը «բևեռացման» քաղաքականություն է վարում: Նա փորձում է լարվածություն առաջացնելով մեծացնել կուսակցության կողմնակիցների քանակը: Քանի որ ներկա դրությամբ ԱԶԿ-ն ընտրություններում ընդամենը 40 տոկոս ցուցանիշ կարող է ապահովել, իսկ սահմանադրություն փոխելու համար, ինչին ձգտում է Էրդողանը, անհրաժեշտ է հավաքել ձայների շուրջ 60 տոկոսը և Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ - TBMM) առնվազն 400 պատգամավորական աթոռ զբաղեցնել: Իսկ դա ներկայիս պայմաններում. ըստ Բեքարօղլուի, գրեթե անհնար բան է ԱԶԿ-ի համար:
Ընդդիմադիր գործիչը ծիծաղելի և անհիմն է համարել Էրողանի դստեր նկատմամբ մահափորձի, տեռորիստական քայլերի պատճառով ԺՀԿ-ն իբր փակելու մասին հայտարարությունները` նշելով, որ միայն դրանք արդեն ցույց են տալիս ԱԶԿ-ում առկա խուճապն ու խնդիրները: Ու քանի դեռ այդ վիճակը շարունակվում է, կշարունակվեն նաև Գյուլ- Էրդողան, Էրդողան – Դավութօղլու զույգերի միջև խնդիրները:
«Էրդողանը վաղուց է խուճապի մեջ: Դա շարունակվում է «Գեզի» զբոսայգու հայտնի դեպքերից ի վեր և դա տեսնելու համար հոգեբույժ լինելու կարիք չկա: Նա ծիծաղելի գաղափարներով հարձակվում է ընդդիմադիրների վրա: Ուր որ է` կարող է ասել. «Հռոմը ԺՀԿ-ն է հրդեհել»: Ինչ-որ մահափորձի մասին պնդումներ, «զուգահեռ կառույց» կոչվող հողմաղացի հետ անվերջ պայքար …»:
Բեքարօղլուի կարծիքով` Էրդողանի գործելակերպը շատ վտանգավոր է: Նա դիմում է ոչ թե մարդկանց առողջ բանականությանը, այլ փորձում է օգտվել տարբեր հասարակությունների պատմական թշնամանքից և վախերից: