Իրանի մեղադրանքն Ադրբեջանին. Յուրացվում է իրանական հերթական մշակութային արժեքը՝ «Յալդայի գիշերվա» տոնը
«Ադրբեջանը յուրացնում է իրանական հերթական մշակութային արժեքը՝ «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը»,-այդ մասին նշվում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանի Քերման նահանգում տեղի ունեցած սեմինարի ընթացքում Շվեյցարիայի «Բրենդ Քլինիք» ընկերության գործադիր տնօրեն Ազիմ Ֆազլիփուրը, անդրադառնալով Իրանի մշակութային արժեքները հարևան որոշ երկրների կողմից իրենց անվանը գրանցելու գործընթացին, մասնավորապես նշել է. «Իրանական մշակութային արժեքները իրավական տեսանկյունից որպես բրենդ չգրանցելու պատճառով մի շարք երկրներ օգտվում են առիթից և կեղծիքի միջոցով իրանական որոշ մշակութային արժեքներ գրանցում են իրենց անվանը»:
Շարունակելով խոսքը՝ Ազիմ Ֆազլիփուրը հավելել է. «Մի քանի տարի անց մենք մեր երեխաներին Իրանի պատմության վերաբերյալ ի՞նչ ենք պատմելու. Իրանական «ճոկան» մարզախաղը գրանցվել է Ադրբեջանի, Մոլանան, «Սամա» պարն ու սրճարանի ավանդութը՝ Թուրքիայի, Իբն Սինան՝ Տաջիկստանի անվանը, իսկ այժմ էլ Ադրբեջանը փորձում է «Յալդայի գիշերվա» տոնը ևս գրանցել իր անվանը»:
Նշենք, որ Իրանում դարեր շարունակ մեծ խանդավառությամբ նշվել է «Յալդան»` և ավանդաբար նշվում է մինչև այսօր: «Յալդայի գիշերն» առաջին գիշերն է, երբ մարդիկ հրաժեշտ են տալիս աշնանը ու դիմավորում ձմեռնամուտը: «Յալդայի գիշերը» տարվա ամենաերկար գիշերն է : Իրանական տոմարի համաձայն` այն աշնան վերջին ամսվա վերջին օրվա` ազարի 30-ի գիշերն է` մինչև արևածագ, դեյի 1-ը: Այդ օրը կոչվել է արևի օր: Այն համընկնում է դեկտեմբերի 21-ի լույս 22-ի հետ:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրան-Ադրբեջան հակամարտությունը վերսկսում է՝ այս անգամ «Կասպիական ձիու» պատկանելիության շուրջ
ԻԻՀ մշակույթի նախարարի հորդորը Ադրբեջանին. Կարճամիտները, որոնք ջանում են վերացնել Իրանի մշակույթը, չեն հասնի իրենց նպատակին
Իրանի ճոկանի ֆեդերացիայի նախագահ. Ողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը ճոկան անունով մարզախաղ ընդհանրապես չի ունեցել
Իրանցի պաշտոնյա. Լավաշը հայկական բառ է, Հայաստանն էլ՝ լավաշի հայրենիքը