Հայաստանում ժողովրդավարությունը ճիշտ չի ընկալվում
Վերջին տարիների քաղաքական իրադարձությունները, հատկապես իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները, վկայում են այն մասին, որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ քաղաքական համակարգում առհասարակ ճիշտ չէ ընկալվում ժողովրդավարության էությունը: Բանն այն է, որ համաձայն տարածված կարծիքի, ժողովրդավարությունը մեծամասնության դիրքորոշման, համոզմունքի, վերաբերմունքի՝ որպես բոլորի կյանքի կազմակերպման սկզբունքների ընդունումն է, այլ կերպ ասած՝ մեծամասնության կարծիքի լեգիտիմացում և լեգալացում: Մինչդեռ ժողովրդավարությունը որպես քաղաքական կատեգորիա բացարձակապես չի սահմանափակվում և չի հանգում մեծամասնության դիրքորոշմանը:
1. Մեծամասնության դիրքորոշումը կառավարման ժողովրդավարական մոդելի շրջանակներում տեղ ունի միայն իշխանությունների ընտրության ժամանակ, բայց դա էլ չի նշանակում, որ մեծամասնության կողմից ընտրված իշխանությունն այլևս պատասխանատու է միայն այդ մեծամասնության կամ իր էլեկտորատի առջև:
2. Ժողովրդավարությունը որպես քաղաքական ռեժիմ ենթադրում է որոշումների կոլեկտիվ ընդունում՝ արդյունքի վրա բոլոր մասնակիցների հավասար ազդեցության ապահովմամբ: Այլ կերպ ասած, ոչ թե ընտրողների 51%-ի ձայնը պետք է լինի որոշիչ, այլ որոշումների (այդ թվում՝ ընտրություններով կայացվող որոշումների) վրա սոցիալական տարբեր խմբերի և խավերի ազդեցությունը պետք է լինի նույն չափի: Ենթադրենք, հասարակությունը մասնակցում է ընտրություններին՝ բաժանվելով 25 խմբերի՝ կուսակցություններ, միություններ, դաշինքներ և այլն, ուստի խմբերից յուրաքանչյուրի ազդեցությունն արդյունքի վրա պետք է լինի ոչ ավելի, քան 4%, անկախ խմբի մասնակիցների քանակից: Որովհետև ժողովրդավարությունը որպես հանրության բոլոր անդամների իրավունքների հավասարության ապահովման քաղաքական սկզբունք, ենթադրում է ինչպես յուրաքանչյուր անհատի, այնպես էլ սոցիալական խմբերի իրավունքների պաշտպանություն և հավասաություն՝անկախ խմբում ներգրավված մարդկանց քանակից:
3. Իշխանության լեգիտիմ միակ աղբյուրը հանդիսանում է ժողովուրդը (հասարակությունը): Այս սկզբունքի սխալ ընկալմումը ժողովրդին և ընտրազանգվածին չտարբերելն է: Մինչդեռ «ընտրված մեծամասնության կողմից» և «ընտրված ժողովրդի կողմից» հասկացություններն իրականում տարբեր են:
4. Հասարակությունն իրականացնում է ինքնակառավարում՝ հանուն սեփական բարեկեցության և ընդհանուր շահերի իրականացման: Սա նշանակում է, որ ոչ թե ընտրված իշխանությունն է բոլորի փոխարեն որոշումներ կայացնում, այլ յուրաքանչյուր սոցիալական խումբ և խավ իրականացնում է ինքնակառավարում:
5. ժողովրդավարության հիմքում ընկած է ոչ թե մեծամասնության դիրքորոշման պարտադրումն առհասարակ բոլոր հարցերում, այլ՝ փոքրամասնությունների իրավունքների իրականացման սկզբունքը: Եվ իսկապես, միամտություն կլիներ կարծել, որ մինչև ժողովրդավարական կարգերի հաստատումը մեծամասնության կարծիքն անտեսված էր, և միայն ժողովրդավարությունը հնարավորություն տվեց մարդկանց մեծամասնությանը ազդելու հանրային որոշումների ընդունման վրա: Ժողովրդավարության մեծագույն արժեքը բոլոր տիպի փոքրամասնությունների՝ ինքնակազմակերպվելու, սեփական շահերը ձևակերպելու և իրացնելու և այլ իրավունքների ապահովումն է: Դա հավասարապես վերաբերում է ինչպես այսպես կոչված «ավանդական» փոքրամասնություններին՝ ազգային, կրոնական և այլն, այնպես էլ հայ հասարակության համար դեռևս որպես փոքրամասնություն չձևակերպված՝ գիտական-կրթական՝ որպես ինտելեկտուալ փոքրամասնության կամ մարգինալների խմբի, ընդդիմության՝ որպես քաղաքական փոքրամասնության, հաշմանդամների, սոցիալապես անապահովների և փոքրաթիվ այլ քաղաքացիների տարբեր խմբերի և խավերի:
Ժողովրդավարության նման ընկալումները իշխանություններին թույլ կտա հասկանալ, որ իրենք պատասխանատու են հասարակության առջև առհասարակ, և ոչ թե՝ միայն իրենց կուսակցական ընկերների կամ իրենց ընտրազանգվածի, իսկ այս կերպ հասկացված ժողովրդավարության կիրառումը թույլ կտա շահագրգիռ բոլոր խմբերին մասնակցելու որոշումների ընդունման գործընթացին: Առանց դրա ժողովրդավարության փոխարեն Հայաստանում ձևավորվելու է, և արդեն սկսել է ձևավորվել, օլիգարխիկ, ոչ թե՝ քաղաքացիական հասարակություն:
Մովսես Դեմիրճյան, վերլուծաբան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները