
Կոնգրեսական Բրեդ Շերմանը Ջոն Քերիին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ելույթի ժամանակ վերջինիս կոչ է արել քաջություն ցուցաբերել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Շերմանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Սենատոր եղած ժամանակ դուք Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից էիք: Այժմ մենք պատրաստվում ենք նշել ցեղասպանության 100-րդ տարելիցը և հույս ունեմ, որ քաջություն կունենաք, որով Դուք հայտնի եք, և ապրիլի 24-ին կօգտագործեք ցեղասպանություն տերմինը` Անատոլիայում 100 տարի առաջ կատարվածը նկարագրելու համար»,-ասել է Շերմանը: