ԻԼԻՊ-ի հարձակումների հետևանքով 950 ասորի ընտանիք է հեռացել Հասակայից և Ղամշլիից
Մարդու իրավունքների պաշտպանության ասորական կազմակերպության տնօրեն Ուսաման Էդուարդը հայտարարել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հարձակումների և առևանգումների հետևանքով փետրվարի 23-ից ի վեր ավելի քան 800 ասորի ընտանիք է հեռացել Սիրիայի Հասակայի նահանգից, իսկ Ղամշլիից` 150 ընտանիք: Այս մասին հայտնում է «Ազդակ» թերթը:
Ըստ լիբանանյան «Ջումհուրիա» թերթի` պատրիարքությունը Հասակեից առևանգված 90 ասորիներին ազատելու համար բանակցում է գրոհայինների հետ` միաժամանակ կոչ անելով գերիին չվնասելու համար ավելորդ հայտարարություններ չանել:
Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ի զինյալները հարձակվել էին Հասակայի Թել Հըրմոզ, Թել Շամիրան, Թել Թմար Թել Ռիմման, Թել Նասրի գյուղերի վրա, առևանգել 90 մարդու և հրկիզել երկու եկեղեցի: Տեղացիները ստիպված էին լքել իրենց տները: