Կոնյակի արտահանման ծավալները նվազել են ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառով. Հարությունյան
Նախնական տվյալների համաձայն՝ այս տարի սպասվում է խաղողի շատ լավ բերք, սակայն բերքի այսպիսի լավ ֆոնին տխուր իրավիճակում կհայտնվեն գյուղացիները, քանի որ նրանք բերքի իրացման խնդիր կունենան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Անդրադառնալով գինու արտադրությանը, նա նշեց, որ 2014 թ-ը 2013-ի համեմատ, գինու արտադրության և արտահանման համար լավ տարի էր: Ա. Հարությունյանի խոսքերով՝ գինու արտահանման ավելացումը պայմանավորված է ՀՀ կառավարության աջակցությամբ, թեև այդ ծավալները կրկնապատկելու, եռապատկելու հնարավորություն ունենք:
Ըստ նրա՝ գինեգործները չունեն այն բոլոր հնարավորությունները, որոնք ունեն կոնյակագործները և այդ առումով կառավարությունը պետք է դիվերսիֆիկացնի գինեգործների և կոնյակագործների նկատմամբ վերաբերմունքը:
Ա. Հարությունյանն իր մտագությունը հայտնեց նաև խաղողի այգիներում տիրող վիճակի վերաբերյալ, որոնց համար մեծ վտանգ է ներկայացնում ֆիլոքսերիան: Ըստ նրա՝ եթե ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ ֆիլոքսերիա հիվանդության տարածումը մեծանում է, ապա վտանգված է գինեգործության ապագան, և Հայաստանը ահռելի վնասներ կկրի:
Ա. Հարությունյանը նշեց նաև, որ բավականին տխուր վիճակ է կոնյակագործության ոլորտում: Հայաստանից կոնյակի արտահանման ծավալները 2014 թվականին նվազել են:
«Թեև պաշտոնական տվյալներով չի հայտարարվում, սակայն ըստ մեր ներքին աղբյուրների՝ կոնյակի արտահանման ծավալների 25-27%-ի անկում կա»,- ասաց նա՝ հավելելով, որ կոնյակի արտահանման ծավալների նվազումը պայմանավորված է ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկմամբ:
«Ռուսական ռուբլին նվազել է, դրա համար արտահանում չի կատարվում։ Ռուսական շուկան ռեսուրս չունի վճարելու: Ռուսական շուկան սկսել է նահանջել, այն, ինչ ունեցել են վերջին տարիներին, արդեն կորցնում են, բացի այդ էլ ռուսական շուկա ներկրվում են վատ որակի խմիչքներ»,- նշեց Ա.Հարությունյանը:
Ինչ վերաբերում է օղուն, ապա Ա. Հարությունյանի գնահատմամբ, 2014 թվականը աստեղային ժամ էր օղու համար և հայերը վերականգնում են իրենց կորցրած ավանդույթները, այսինքն՝ հայերը սկսել են ավելի շատ օղի խմել:
Այսպես, ըստ նրա, 2014 թվականին Ռուսաստանից ներկրվել է ավելի քան 9 միլիոն լիտր օղի, և 7000 լիտր սպիրտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
«Օղին քաղաքական խմիչք է: Օղի շատ օգտագործում են միայն աղքատ երկրներում, որքան շատ է տվյալ երկրում օղի օգտագործվում, այնքան այդտեղ աղքատության ցուցանիշը բարձր է»,- ասաց գինեգործը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները