Դեյվիդ Ֆիլիփս. Ճիշտ կլինի, եթե Օբաման օգտագործի «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը
Ամերիկացի հայտնի քաղաքագետ-վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիփսը թուրքական «Թըդեյս Զաման» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է օգտագործի «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը։ Այս մասին հայտնում է Horizonweekly պարբերականը:
Լրագրողի այն հարցին, թե ինչպիսին է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի լուծման վերաբերյալ, Ֆիլիփսը պատասխանել է. «Նախ եկեք հասկանանք, թե ինչ է «ցեղասպանությունը»։ Այն ունի 4 չափորոշիչներ. սպանվածները պետք է պատկանեն միևնույն էթնիկ, ռասայական և կրոնական խմբին։ Սպանությունները պետք է լինեն կանխամտածված և կրեն կանոնավոր բնույթ, պետք է սպանված լինի ավելի քան մեկ մարդ։ Հայերի հետ կատարվածը լիովին համապատասխանում է այս չափորոշիչներին։ ԱՄՆ-ն պետք է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչի։ Օբամայի անձնական տեսակետն այս հարցի վերաբերյալ բոլորին է հայտնի։ Սակայն երբ դու դառնում ես նախագահ, դու այլևս չունես անձնական տեսակետ, քանի որ այն վերածվում է երկրի պաշտոնական դիրքորոշման: Ճիշտ կլիներ, եթե Օբաման օգտագործեր «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: Այդ դեպքում ԱՄՆ-ն և Թուրքիան կարղ են շարժվել առաջ՝ մի կողմ դնելով այս խնդիրը»: