Ատրպատականի պատգամավոր. Մենք թուրք չենք, Իրանում թուրքական դպրոցներ ստեղծելու կոչերը քաղաքական նպատակներ ունեն
Իրանի խորհրդարանի` Ատրպատականի նահանգի Արդաբիլ քաղաքից պատգամավոր, ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մանսուր Հաղիղաթփուրը հայտարարել է, որ անիմաստ են Իրանում թուրքական լեզվի ընկերություն հիմնադրելու մասին ադրբեջանցի որոշ մշակութային և քաղաքական գործիչների հնչեցրած պահանջները, քանի որ Իրանի հյուսիսային տարածաշրջանում բնակվող իրանցիները թուրք չեն: Բացի այդ, նրա կարծիքով` Թավրիզում թուրքական լեզվի կառույց ստեղծելու պահանջի հետևում քաղաքական նպատակներ են թաքնված: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը, պատգամավորն ասել է Թավրիզի Elpress կայքին տված հարցազրույցում:
Ինչպես ասված է նյութում, Հաղիղաթփուրը նշել է, որ Ատրպատականի բնակչությունը պատկանում է «սպիտակ ռասսային» ու տարբերվում է «դեղին ռասսային» պատկանող թուրքերից:
«Մենք թուրք չենք, ազարի ենք: Մեր ռասսան իրանական է, մաշկի գույնը` սպիտակ, աչքերի ձևը` նորմալ, իսկ թուրքերը դեղին ռասսայից են, նեղ աչքեր և ցցուն այտեր ունեն», -մանրամասնել է նա:
Ատրպատականի պատգամավորը գտնում է, որ նման կառույց պետք է հիմնվի ոչ թե իրանական Ատրպատականում, այլ Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի թուրքական բնակավայրերում:
«Այժմ մենք թյուրքերեն ենք խոսում, սակայն, մեր մայրենի լեզուն պարսկերենի ազարիական բառբառն է: Իրանում սելջուկների տիրապետության ժամանակաշրջանում միայն թուրքերենը սկսեց տարածվել ժողովրդի մեջ»,-հիշեցրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ դեռևս 2014-ի հոկտեմբերին նույն Հաղիղաթփուրը հանդես էր եկել համանման հայտարարությամբ` շեշտելով, որ իրականում ազարի լեզու չի եղել, եղել է ազարիական բարբառ. այն, ինչպես գիլաքին, լորերենը կամ լաքերենը, մի բարբառ է, որը ժամանակի ընթացքում դուրս է եկել գործածությունից:
Նյութ թեմայի շուրջ`
Իրանցի պատգամավոր. Մենք թուրք չենք, պարզապես մենք խոսում ենք թյուրքերեն լեզվով