Իրանցիների՝ թուրքերի դեմ պայքարի խորհրդանիշ Ֆերդոուսիի արձանը կրկին վերադարձավ Սալմաս
Վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ էին տեղի ունենում Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում: Որոշ ժամանակ առաջ Սալմասի քաղաքապետարանի որոշմամբ՝ Ֆերդոուսիի անվան հրապարակը վերանվանվել էր Իսլամական հեղափոխության հրապարակ, ինչի հետևանքով հրապարակում տեղակայված իրանցի մեծանուն բանաստեղծ Ֆերդոուսիի արձանն ապամոնտաժվել էր:
Դեպքի առնչությամբ իրենց դժգոհությունը հայտնեցին իրանցի հայտնի մտավորականներ, Մեջլիսի պատգամավորներ, ակտիվիստներ:
ԻԻՀ Մեջլսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը իրանական «Էլփրեսս.իր» կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով վերոնշյալին, մասնավորապես նշել է. «Ֆերդոուսին իրանցիների՝ թուրքերի հարձակումների դեմ պայքարի խորհրդանիշն է. Ֆերդոուսիի արձանի ապամոնտաժումը բացառապես քաղաքական մոտիվներ ունի. Մենք նահանգապետարանին կպարտավորեցնենք, որպեսզի Ֆերդոուսիի արձանը կրկին տեղադրվի իր նախկին վայրը»:
Իրանական «Ազարիհա.օրգ» կայքի հաղորդմամբ՝ ԻԻՀ ներքին գործերի նախարարի հանձնարարականով Սալմասի քաղաքապետարանը որոշում է ընդունել Ֆերդոուսիի արձանը կրկին տեղակայել է իր նախկին տեղում՝ Սալմասի Ֆերդոուսիի անվան հրապարակում:
Ուսումնասիրելով Ֆերդոուսի աշխարհառչակ «Շահնամե» պոեմը՝ իրանցիների՝ թուրքերի դեմ պայքարին վերաբերող հետևյալ տողերն ենք հանդիպում.
«Բայց Ռոստամը նորից եկավ, որ թուրքերին հարվածի,
Նա նման էր որս որոնող ամենազոր առյուծի...
Եվ այդ թուրքը իր բանակին ջարդոտում էր ձախ ու աջ,
Հողը ներկել էր արյունով, ինչպես գարնան ալ կակաչ...
Արյունախում, ո՜վ անգութ թուրք, – ասաց քաջը վշտակեզ,
Այս նահատակ զինվորներից ո՞վ է կռվի կանչել քեզ...