Դպրոցի շենքի վրա տեղադրված անմոռուկների մի մասը կհանվի
«Մեր դպրոցի նկարչության դասատուն շատ շնորհալի տղա է և որոշել է 100-ամյակի խորհրդանիշն այդպես օգտագործել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 78 դպրոցի տնօրեն Ազնիվ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են դպրոցի շենքի արտաքին հատվածը զարդարել անմոռուկով:
Հարցին, թե այդպիսով դպրոցի ղեկավարությունը փորձում է հաճոյանալ քաղաքային իշխանությունների՞ն, թե՞ կա ներքին հանձնարարական այդպես անելու, Միրզոյանը պատասխանեց. «Հարգելիս, որևէ հանձնարարական չկա, առավել ևս որևէ հաճոյանալու խնդիր չկա: Մենք դպրոցում ուղղակի շատ շնորհալի նկարչության դասատու ունենք, որը շատ գեղեցիկ գործեր է անում, և ինքը իրեն այդ աշխատանքով բավարարված է զգում: Շուտով ապրիլի 7-ի կապակցությամբ ներսում կզարդարենք համապատասխան զարդարանքներով: Նա սիրում է իր աշխատանքը, ընդամենը: Մարդը ուզում է աշխատել»:
Տնօրենը տեղեկացրեց, որ դպրոցի շենքի վրա անմոռուկը կմնա մինչև ապրիլի 24-ը. «Հետո մի ուրիշ ձևավորում կանենք»:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ չի տեսել՝ ինչ տեսք ունի դպրոցի շենքը, իսկ տեսնելուց հետո էլ ասաց, որ անմոռուկների մի մասը դպրոցի շենքի վրայից կհանվի:
«Ես դեմ եմ, որ ընդհանրապես չլինի, բայց այսպես էլ շատ-շատ է: Շատ աննշան կմնա, այնպես չի լինի, ինչպես եղել է», -ասաց Գայանե Սողոմոնյանը՝ ընդգծելով, որ իր ղեկավարած վարչությունը դպրոցներին նման հանձնարարական չի տվել:
Նա տեղեկացրեց, որ Կրթության, գիտության նախարարությունը շրջաբերական է իջեցրել, որի համաձայն, մարտի 24-ին Հայաստանի բոլոր դպրոցները դասղեկական ժամին պատրաստելու են անմոռուկ:
«Պատրաստելու են ու նվիրելու են 1,5 մլն հատ անմոռուկներ, որպեսզի Հայաստան եկող ծանոթ-անծանոթ հյուրերին բաժանվի», -տեղեկացրեց Սողոմոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում