Վրաստանի վարչապետը կարծում է, որ լարիի շուրջ բարձրացված աղմուկն արհեստական է
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանի ազգային արժույթի շուրջ բարձրացված աղմուկն արհեստական է ստեղծված։ «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, վերջին չորս ամիսների ընթացքում լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 30 տոկոսով։ Ընդդիմությունը լարիի արժեզրկման համար մեղադրել է իշխանություններին և քննադատել նրանց որդեգրած «սխալ տնտեսական քաղաքականությունը»։
Արձագանքելով քննադատություններին, վարչապետ Գարիբաշվիլին ասել է. «Կառավարությունը մոբիլիզացված է։ Սերտ շփումների մեջ ենք Ազգային բանկի հետ և կարծում եմ, որ իրականում աղմուկն արհեստական է ստեղծվել։ Դա հատկապես վերաբերում է լրատվամիջոցներին։ Անհրաժեշտ է հանդարտեցնել և կայունացնել իրավիճակը»։
Նշենք, ավելի վաղ Վրաստանի նախկին վարչապետ, Բիձինա Իվանիշվիլին լարիի անկման համար մեղադրել էր Ազգային բանկի ղեկավար Գեորգի Կադագիձեին, ում «անգործության պատճառով» էլ առաջացել է «ազգային արժույթի ճգնաժամ»։