Հասան Ռոհանի. Եթե ԱՄՆ-ն չլիներ, 2004թ. Իրանը Եվրոպայի հետ միջուկային խնդրի հարցում ձեռք կբերեր համաձայնություն
«Իրանը ցանկանում է բանակցությունների միջոցով հակառակ կողմին զրկել պատժամիջոցներ կիրառելու զենքից»,-այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը Ղոմ նահանգ կատարած այցի շրջանակներում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Իհարկե, այդ խնդիրն ամերիկացիները ստեղծեցին և եթե ԱՄՆ-ն չլիներ, 2004թ. Իրանը Եվրոպայի հետ միջուկային խնդրի հարցում ձեռք կբերեր համաձայնություն: Եթե եվրոպական երեք երկրների ԱԳ նախարարներն այն ժամանակ չէին խոստովում, որ ամերիկացիներն են մեղավոր համաձայնություն չկայանալու համար, ապա ներկայում նրանք խոստովանում են դա»:
Հասան Ռոհանին Միացյալ Նահանգների նախագահին կոչ է արել սխալ ճանապարհից հետ վերադառնալու համար անհրաժեշտ քայլեր կատարել: ԻԻՀ նախագահի խոսքով՝ Իրանը ցանկանում է բանակցությունների միջոցով հակառակ կողմին զրկել պատժամիջոցներ կիրառելու զենքից:
Հիշեցնենք, որ օրերես ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Սպահան կատարած այցի ընթացքում ժողովրդի հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող զարգացումներին, մասնավորապես նշել էր. «Իրանը ատոմային ռումբ ստեղծելու կարիք չունի. Մենք միավորված, անձնուրաց և փառապանծ ժողովորդ ունենք, տեսա՞ք, ինչպես մեր երիտասարդները պատժամիջոցների ծանր պայմաններում կարողացան արբանյակ ուղարկել տիեզերք: Մենք հպարտանում ենք նանոտեխնոլոգիաների, միջուկային ոլորտում աշխատող մեր գիտնականներով»:
Հասան Ռոհանին, դիմելով աշխարհի գերտերություններին, հայտարարել էր. «Մեզ ասում են, թե Իրանը ատոմային ռումբ չպետք է ստեղծի. դուք, որ ատոմային ռումբ ստեղծեցիք և տվեցիք Իսրայելին, արդյոք կարողացա՞ք ձեր կամ Իսրայելի անվտանգությունը ապահովել»: