Միսաք Մանուշյանի խմբին նվիրված հայ-հրեական համատեղ հիշատակի երեկո` Փարիզում
Նախօրեին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի է ունեցել հայ-հրեական համատեղ արարողություն` նվիրված Ֆրանսիայում Դիմադրության շարժման առաջնորդներից մեկի` Միսաք Մանուշյանի և նրա խմբի 23 անդամների գնդակահարության 71-րդ տարելիցին:
Հիշատակի երեկոյին, որը կազմակերպված է եղել Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրողականների միությունը և Բանակի հրեական րաբունապետությունը, որպես պատվո հրավիրյալ ներկա էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Արարողությանը ներկաների թվում են եղել նաև Փարիզի հիշատակի և ռազմիկների հարցերով փոխքաղաքապետ Կատրին Վյո-Շարիեն, Մեդոնի քաղաքապետ Էրվե Մարսելը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժան-Մարկ Ժերմենը, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի ղեկավար Ալեքսի Գովցյանը, Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Փարիզի և շրջակայքի քաղաքային իշխանությունների և դիվանագիտական շրջանակների, ինչպես նաև հայ և հրեա համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի գլխավոր րաբբի Հայիմ Կորսիան և Հայ նախկին ռազմիկների ու դիմադրողականների միության նախագահ Անտուան Բագդիկյանը:
Անտուան Բագդիկյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն Ֆրանսիայի զոհված հերոսների, ինչպես նաև 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների և ներկայումս Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների անմեղ զոհերի հիշատակը:
Միջոցառմանը ներկա է գտնվել և ելույթով հանդես եկավ Մանուշյանի խմբի անդամ, 98-ամյա Արսեն Չաքըրյանը՝ պատմելով ներկաներին նացիստական ուժերի դեմ խմբի գործողությունների մասին իր հիշողությունները:
Ֆրանսիայի հայերի և հրեաների կողմից ամեն տարի համատեղ անցկացվող՝ նացիստական օկուպացիայից Ֆրանսիայի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակի միջոցառումը իր մեջ կրում է ցեղասպանության զոհ դարձած և աշխարհով սփռված երկու ժողովուրդների միասնության և համերաշխության մեծ խորհրդանիշ:
Այս օրերին դեսպանության մասնակցությամբ Միսաք Մանուշյանին նվիրված միջոցառումներ են անցկացվում ինչպես Փարիզում, այնպես էլ Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում՝ Իվրիում, Մոնտրոյում, Կլամարում և այլուր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան