Quartz. «Ադրբեջանը վերածվում է փոքր Ռուսաստանի»
Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների ճգնաժամը կրկին արդիական է դարձրել թշնամական պետություններից ռեսուրսային կախվածության թուլացման անհրաժեշտությունը: Նման դիտարկում է անում «Quartz» պարբերականը` անդրադառնալով ԵՄ էներգետիկ նոր քաղաքականությանը, որի նպատակն է շրջանցել Ռուսաստանը և դեպի Եվրոպա մատակարարել ադրբեջանական գազը:
Պարբերականի դիտարկմամբ` թեև հիմա Եվրոպայի և Ամերիկայի համար պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, աճել է Ադրբեջանի հանդեպ հետաքրքրությունը և կարևորությունը, սակայն իրականում «պարզվում է բավական շատ պատճառներ կան Ադրբեջան-Արևմուտք ծաղկող հարաբերությունների առթիվ անհանգստանալու համար»:
Այս համատեքստում պարբերականը նշում է, որ քաղաքական հալածանքների և հարևանների նկատմամբ թշնամության պատճառով Ադրբեջանը արդեն իսկ փոքր Ռուսաստան է հիշեցնում: Մյուս կողմից Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է, որ Բաքուն միջազգային ներդրումների համար մագնիս դառնա, մինչդեռ իրականում փայլփլուն մայրաքաղաքից մի քանի հարյուր կլոմետր այն կողմ իրավիճակն այնքան էլ «գլամուր» չէ, ինչպիսին Բաքուն է փորձում ներկայանալ:
Ադրբեջանի խնդիրների թվում պարբերականը նշում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` հիշեցնում հրադադարի խախտումների մասին և վկայակոչում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջերս արված հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը պետք է հարգի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր հանձնառությունները:
Սակայն, ըստ պարբերականի, Լեռնային Ղարաբաղը խնդիրներից միայն մեկն է, որոնցով ինքնավստահ Ադրբեջանը անհանգստություն է առաջացնում իր հարևանների և Արևմուտքի մոտ: Այս համատեքստում պարբերականը հիշեցնում է, թե ինչպես է Ալիևը ցանկացած տեսակի քննադատությանն ի պատասխան ձերբակալում լրագրողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, արգելում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, արտասահմանյան լրատվական գործակալությունների գործունեությունը:
«Թվում է, որ Ալիևը Վլադիմիր Պուտինին է ընդօրինակում: Կարելի է կարծել, որ եթե նա շարունակի նմանակել Ռուսաստանի ռեպրեսիվ քաղաքականությանը, Բաքուն կարժանանա նույնպիսի միջազգային արձագանքի, ինչպես Մոսկվան: Սակայն մինչ այդ, Ալիևը կփորձի կորզել հնարավոր ամեն ինչ»,- եզրափակում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում