Մարտիրոս Սարյանի «անշուք» հոբելյանը
Փետրվարի 28-ին լրանում է մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի 135-ամյակը: Սակայն հոբելյանը չի նշվի այնպես, ինչպես վայել է նկարչին:
Մ. Սարյանի տուն-թանգարանի և մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ նախ կհավաքվեն Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, այնուհետև կգնան Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` ծաղիկներ դնելու վարպետի շիրիմին:
«Այդ օրը նախ կհավաքվենք Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, այնուհետև կգնանք պանթեոն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
Նա նշեց, որ իրենք արվեստագետի 135-ամյակը կնշեն թանգարանի վերաբացման օրը: Սակայն երբ է այդ օրը, Ռ. Սարյանն էլ չգիտի. «Անհայտ է տուն-թանգարանի բացման օրը»:
Հիշեցնենք, որ 2013 թ. մայիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգվում է: Մ. Սարյան տուն-թանգարանի ամբողջ հավաքածուն, թանգարանի շենքի հիմնարար վերանորոգման աշխատանքների հետ կապված, հանձնված է Մատենադարանին ի պահպանություն: Մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերակառուցման աշխատանքների առաջին փուլն ավարտված է. թանգարանային մասն ամբողջությամբ հիմնանորոգվել է, իսկ Սարյանի ապրած տան վերանորոգման աշխատանքները պետք է մեկնարկեն առաջիկայում, սակայն, ավելի վաղ, Ռ. Սարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ` «երկրորդ փուլի ֆինանսավորման մասին խոսք կա»: