Արաբագետը մեկնաբանում է իսլամականների կողմից պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացումը
Փետրվարի 26-ին ԶԼՄ-ներում տեսանյութ տարածվեց, որտեղ «Իսլամական պետության» զինյալները ոչնչացնում են Իրաքի Մոսուլ քաղաքի թանգարանում պահվող մ.թ.ա. 7-րդ դարին պատկանող պատմա-մշակութային արժեքավոր հուշարձանները
«Իհարկե, սա անմարդկային վերաբերմունքի դրսևորում է, սակայն, իսլամականների նման վայրագությունները չպետք է զարմանալի լինեն, առավել ևս, որ դրանք նորություն չեն»՝ «Panorama.am»-ին մեկնաբանեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ արաբագետի` Սիրիայի և Իրաքի տարածքների զգալի հատվածը գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ, որտեղ կան պատմա-մշակութային հուշարձաններ: Սիրիայում այդ հուշարձանների և արժեքավոր իրերի մեծամասնությունը գտնվում են ինտենսիվ ռազմական գործողությունների հատվածում, և դրանք հեշտությամբ վերածվում են կողոպտիչների գողոնի:
Իրաքում 12000 հայտնի հնագիտական վայրերից մոտ 4500-ը գտնվում են իսլամականների կողմից վերահսկվող տարածքներում, նշեց արաբագետը՝ հավելելով, որ ծայրահեղ արմատական գաղափարներով առաջնորդվող «Իսլամական պետությունը» չի կարող անտարբեր մնալ նման հուշարձանների նկատմամբ, որոնք, ըստ իսլամականների, բազմաստվածության ու անհավատության ժամանակաշրջանի մարդու ձեռքի գործեր են, հետևաբար պետք է ոչնչացվեն:
Բացի այդ, վերջին շրջանում շատ է խոսվում նաև իսլամականների կողմից պատմա-մշակութային հնաոճ իրերի վաճառքի և ստացվող միլիոնավոր դոլարների հասնող շահույթների մասին:
Բանախոսի պնդմամբ, սակայն, երկար ժամանակ իսլամականների ձեռքում գտնվող վերոհիշյալ պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացումն ու դրա վերաբերյալ տեսանյութերի տարածումը հստակ ուղերձ է պարունակում: «Իսլամական պետությունը» այլևս այն կառույցը չէ, որի գործողությունները կարելի է մեկնաբանել, որպես մի խումբ արկածախնդիրների կողմից դրսևորվող անհասկանալի վարքագիծ:
Իսլամականներն իրենց զինանոցում ունեն մի շարք գործիքներ, որոնք կարող են կիրառել իրենց առջև ծառացած այս կամ այն խնդիրները լուծելու համար: Նման գործիքակազմի մեջ են մտնում նաև իսլամականների ձեռքին հայտնված վերոհիշյալ արժեքավոր հուշարձանները, որոնց ոչնչացումը, կամ, լավագույն դեպքում, անօրինական վաճառքը համաշխարհային հանրությունը չի կարող հանդուրժել՝ եզրափակեց արաբագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները